«Պապան բարձրացել է վերև, էնտեղ է զինվորների կյանքը փրկում, հիվանդները շատ են, պապան էլ չի իջնելու». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ԲԺԻՇԿ ՀԱՐՈՒԹԻՆ, ով մինչև վերջ մնաց առաջնագծում

Կապիտան Հարություն Սարգիսի Չոբանյանը ծնվել է 1993 թվականին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում:

2009 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան, երրորդ կուրսում տեղափոխվել է ռազմաբժշկական ֆակուլտետ։ Ավարտելուց հետո վիճակահանությամբ պետք է որոշվեր այն զորամասը, որտեղ ծառայելու էր Հարութը։ Նրան ընկնում է Հադրութի զորամասը, և Հարութը ընտանիքի հետ տեղափոխվում է այնտեղ:

Հարութն ու կինը՝ Արմինեն, սովորում էին նույն դպրոցում, իսկ վերջին տարին՝ նույն դասարանում։ Ընկերություն անում էին դպրոցական տարիներից։ 2015 թ․ ամուսնանում են, մեկ տարի անց ծնվում է Սառան։ Դստեր անունը միասին էին ընտրել։

Օգոստոսին Հարություն Չոբանյանն ընդունվել էր օրդինատուրա՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ։ Մեկ շաբաթ հազիվ հասցրեց դասի գնալ, երբ պատերազմն սկսվեց։ Հադրութի զորամասի բուժծառայության պետը հոկտեմբերի 1-ից եղել է առաջնագծում: Չնայած զինկոմիսարիատները նրան և կուրսի 5 բժիշկներին ուղեգիր չէին տալիս, առաջարկել էին Երևանի հոսպիտալներ գնալ, այնտեղ օգնել վիրավորներին, բայց տղաները հրաժարվել էին, գնացել էին ՊՆ, դիմում գրել, որ իրենց ուղարկեն այն զորամասերը, որտեղ 3 տարի ծառայել են։ Մի մեքենա դեղ էին գնել ու մեկնել ռազմաճակատ։

Արմինեն պատմում է, որ ամուսինն առաջին օրվանից ռազմաճակատում է եղել, որտեղից վիրավորներին օգնում էր, տեղափոխում վրանային հոսպիտալներ, առաջին բուժօգնությունը ցույց տալիս, հետո տանում հիվանդանոց։ Հենց սկզբից Հարութը չէր ցանկացել հիվանդանոցում մնալ, ասել էր, որ իր անելիքը ռազմաճակատում է, այնտեղ է ամենից վտանգավոր տեղը։

Հոկտեմբերի 13-ին բժիշկ Չոբանյանը «ՈւԱԶ» մեքենայով վիրավոր էր տեղափոխում։ Ֆիզուլու հատվածում էին՝ Կարախանբեյլի գյուղի մոտ։ Տարածքն արդեն շրջափակման մեջ էր։ Բժիշկների մի խումբը գնացել էր ապահով տարածք գտնելու, որտեղ պիտի տեղափոխվեր վրանային հոսպիտալը։ Բժիշկ Հարութը 4 վիրավոր զինվորի և բուժակի հետ հոսպիտալ գնալու ճանապարհին էր, բայց այդպես էլ տեղ չհասավ․ նա, բուժակն ու վիրավորներից մեկը զոհվեցին։ Հարութը վիրավորվել էր գլխի շրջանում դիպուկահարի կրակոցից։

Արմինեն ասում է, որ հենց սկզբից էլ 5 տարեկան աղջկանից՝ Սառայից չի թաքցրել եղելությունը։ Հարութի զոհվելուց մեկ շաբաթ առաջ Արմինեի պապն էր մահացել։ Սառային բացատրել էր, որ պապիկը երկինք է բարձրացրել։ «Երբ Հարութի դեպքը եղավ, ասեցի՝ պապան բարձրացել է վերև, էնտեղ է զինվորների կյանքը փրկում։ Հարցնում էր՝ ե՞րբ է հետ գալու, ե՞րբ է իջնելու։ Ասեցի՝ Սառ ջան, էնտեղ գործը շատ է, հիվանդները շատ են, պապան էլ չի իջնելու։ Մի շրջան էլ ասում էր՝ մամա, դե մենք բարձրանանք վերև, եթե ինքը չի գալիս։ Ասեցի՝ մենք էլ չենք կարող»,- պատմում է Արմինեն։