«Նորակոչիկներով թիկունքը պահել են, որ Մատաղիսում 300 հոգուց ավել զինվորները խմբերով դուրս գան շրջափակումից». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Տիգրանին

Տիգրան Գրիգորի Սահակյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 26-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում։ Դեռ պատանի հասակից նա որոշել էր դառնալ ժողովրդական երգերի անզուգական կատարողը և փոխանցողը գալիք սերունդներին։ Դպրոցին զուգահեռ զբաղվում էր երգով: Էջմիածնի Կոմիտասի անվան մշակութային պալատի «Զանգակ» խմբի մենակատարն էր։ Միաժամանակ մասնակցում էր ստեղնաշարային գործիքների պարապմունքների։

2018 հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 3-ը մասնակցել է Քոբուլեթիում անցկացվող «Նարնջագույն Քոբուլեթի» միջազգային մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով Էջմիածին քաղաքի «Զանգակ» երգի խումբը և զբաղեցնելով 2-րդ պատվավոր հորիզոնականը «Հայեր, միացե՛ք» երգով։ Էջմիածնի քաղաքապետարանի կողմից ստացել է շնորհակալագրեր անթերի կատարման և հայրենասիրական ոգին բարձր պահելու համար։

Դպրոցն ավարտելուց հետո 2019 թվականի հուլիսին ընդունվում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Հայ երգեցողություն» նախապատրաստական բաժին, իսկ 2020 թվականի հուլիսին հաջողությամբ հանձնելով ընդունելության քննությունները, ընդունվում է նույն բաժնի առաջին կուրս, սակայն ուսումը դեռ չսկսած օգոստոսի 13-ին զորակոչվում է Հայոց բանակ:

Տիգրանը ծառայել է Մարտակերտում, իսկ սեպտեմբերի 3-ից՝ Մատաղիսում։ Բարձր պատասխանատվության, կարգապահության, անձնվեր հայրենասիրության համար նրան Մոնթե էին անվանում։ Տղան իր երազանքները պետք է հերթով իրականացներ ծառայությունից հետո, բայց սկսվեց պատերազմը… Նրանք հարկադրված էին դուրս գալ թաքստոցներից, որովհետև արդեն կենաց-մահու պայքարի ժամն էր։

Մոտ 6 օր նորակոչիկները մասնակցել են Թալիշի պաշպանական մարտերին՝ օգնելով, որ Թալիշում դեռևս ողջ մնացած զինվորները դուրս գան շրջափակումից։ Հոկտեմբերի 2-ին թիկունքը ապահովելով՝ օգնել են, որ Մատաղիսում տեղակայված զինվորները (300 հոգուց ավելի) խմբերով դուրս գան, փրկվեն սպառնացող մոտալուտ շրջափակումից։ Տղաները փրկվել են, իսկ տասից ավելի հերոսաբար կռվող նորակոչիկները իրենց հրամանատարի հետ երկու անգամ ընկել են շրջափակման մեջ։ Գիշերը տեղատարափ անձրևի տակ 20-25 կմ քայլելով Մատաղիս-Մարտակերտ ճանապարհով՝ լուսաբացին ընկել են թշնամու հրթիռակոծման տակ։ Դա չարաբաստիկ հոկտեմբերի 3-ն էր…

Վաղ առավոտից հերոս տղերքը թշնամու ռմբակոծության տակ էին հայտնվել։ Հենց այստեղ էլ 18-ամյա Տիգրանը իր զինակից ընկերների հետ անմահանում է։

Ընտանիքի անդամները Տիգրանի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 22:30 սահմաններում։ Մի քանի օր չի զանգահարել, մտածել են, որ կապն է վնասված։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան զանգահարել են ՊՆ-ի թեժ գիծ և իմացել, որ զոհվածների ցուցակում է…

Տիգրան Գրիգորի Սահակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…     
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…