ՀԱՅՐԵՆԻՔԻ համար կյանքը զոհած ՀԵՐՈՍԻ ընտանիքը կիրականացնի որդու երազանքը
Տիգրան Գրիգորի Սահակյանը 44-օրյա պատերազմի հերոսներից է, ով կյանքը չխնայեց իր Հայրենիքի համար: Նա 44-օրյա պատերազմի առաջին օրվանից եղել է մարտական գործողությունների կիզակետում։ Կռվել է Մատաղիսի ու Թալիշի սահմանային հատվածներում. իրենց կազմով կատարել են մի շարք կարևոր մարտական առաջադրանքներ։
Զոհվել է հոկտեմբերի 3-ի վաղը առավոտյան։ Հայտնվելով շրջափակման մեջ՝ մի կերպ կարողացել են դուրս գալ, հետո հայտնվել են հրետակոծության տակ և ունեցել 3 զոհ, որոնցից մեկը Տիգրանն էր։ Տիգրանի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Տիգրանի մեջ եռում էր Հայրենասիրությունը: Ընկերները պատմում են, որ բանակում նրա երգած ամեն երկրորդ երգը կա՛մ բանակին էր նվիրված, կա՛մ հայրենիքին, դե իսկ սիրելի հերոսն էլ Մոնթեն էր: Իրեն առանձնահատուկ լավ էր զգում, երբ ընկերները նրան Մոնթե էին անվանում:
Լևոնը՝ Տիգրանի ընկերը, պատմում է.
«Տիկոս շատ լավ երգում էր բանակում, ուզում էր շարունակել։ Իրենց գյուղը, հողերը, շատ-շատ էր սիրում, պատմում էր, թե ոնց էր աշխատում հողում։ Գյուղատնտեսության հետ էլ նպատակներ կային։ Ապագան միշտ Հայաստանում՝ իրենց գյուղում էր տեսնում»։

Հերոսը փոքրուց մեծացել է Մասիսը իր աչքի առաջ ունենալով, երևի հենց դա էր պատճառը, որ միշտ երազել է Մասիսի դիմաց՝ հայ-թուրքական սահմանին կից, մեծ այգի կառուցել։
Տիգրանի երազանքը բոլորին հասանելի դարձնելու և իրականացնելու համար գրվեց հերոսի մասին պատմող «Նոտագրված Եռագույն» գիրքը։ Գիրքը անմահացնում է ոչ միայն Տիգրանի, այլև հայրենիքի համար բոլոր նահատակվածների հիշատակը։ Իսկ գրքի վաճառքից կուտակված գումարով հերոսի ընտանիքը կիրականացնի որդու երազանքը և կկառուցի այգի:
Ի դեպ, ընտանիքը որոշել է այդ այգու ամեն ծառ անվանակոչել 44-օրյա պատերազմում նահատակված մեր քաջ հերոսների անվամբ։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…