Տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը ընկերների հետ ոչնչացրել է 3 տանկ, 1 ՀՄՄ․ հերոսները զոհվել են նույն տանկում՝ հակառակորդի արձակած հրթիռից

Ապրիլյան պատերազմի մասնակից, տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը  ծառայում էր Ֆիզուլիում: Ապրիլի 2-ին իր ընկերների հետ նա օգնության է հասել Ջաբրայիլում մարտնչող իրենց ընկերներին, ապրիլի 3-ին՝ զոհվել: Վլադիմիրի հետ նույն տանկում զոհվել են ավագ լեյտենանտ Բենիամի Եղոյանն ու ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը:

Տանկիստները առաջինն են մտել մարտի դաշտ, անցել են հարձակման և ոչնչացրել հակառակորդի 3 տանկ, 1 ՀՄՄ և մեծաթիվ գրոհայինների: Անձնակազմը զոհվել է հակառակորդի արձակած հրթիռից ։

Դիլիջանում է ծնվել մերօրյա հերոս Վլադիմիրը: Մայրը պատմում է, որ նա աշխատասեր էր, սիրում էր օգնել մեծերին, տան հարցերն էր լուծում։

Հերոսը զորակոչվել է բանակ՝ 2014 թ-ին: Շատ լավ է ծառայել։ Շարքային Վլադիմիր Ալիխանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, Լեռնային Ղարաբաղի հանրապետության «Արիության համար» մեդալով: