«Հարցրեցի՝ Գոռ ջան, հաց կերել ես, ասեց՝ չէ մամ, էրեխեքին հաց տանեմ հետո կգամ կուտեմ»․ Գոռ Կիրակոսյանը զոհվել է ընկերներին սնունդ հասցնելու ճանապարհին

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իր կյանքը տվեց հայրենիքին Գոռ Կիրակոսյանը։  Նա ծնվել է 1996 թ-ի հունվարի 21-ին: Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում` աչքի ընկնելով նպատակասլացությամբ: 2014 թ-ի հուլիսի 7-ին Գոռը զորակոչվել է հայոց բանակ: Ծառայությունն անցել է ԼՂՀ պաշտպանության բանակում, արժանացել բազմաթիվ խրախուսանքների:

Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում: Նա զորամասում մեքենաներն էր  վերանորոգում, սնունդ էր հասցնում զինծառայող ընկերներին։ Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ սնունդ հասցնելու ճանապարհին զոհվել է։

2016-ի ապրիլի 5-ին առաջնագծում զոհվել է հակառակորդի արձակած արկի պայթյունից: ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:

Գոռի մայրը պատմել է. «Զանգում էի, ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչը վերջանալու է, երկու բառ խոսելուց հետո սկսում էր երգել, կրակոցի ձայները ես լսում էի, իր երգով ուզում էր ինձ շեղել, որ չզգամ՝ ինչ ա կատարվում: Հարցրեցի՝ Գոռ ջան, հաց կերել ես, ասեց՝ չէ մամ, էրեխեքին հաց տանեմ հետո կգամ կուտեմ: Սպասի մի ժամից կզանգեմ: Սպասեցի մեկ ժամ, երկու ժամ, բայց չզանգեց, հետո անհասանելի էր…»: