Մեծերը Վահագն Դավթյանի մասին․ նման գնահատականի ոչ բոլորն էին ընդունակ արժանանալ

Վահանգն Դավթյանի մասին շատ ՄԵԾ գրողներ են արտահայտվել ու իրենց գնահատականը տվել։ Ձեզ համար առանձնացրել ենք առավել տպավորիչ խոսքերը․

«Եթե մենք առհասարակ կարողանում ենք իշխել մեր կրքերի, մոլությունների վրա, ապա Վահագն Դավթյանը մարդու, գործչի և պոետի իր կյանքը վարում էր ճարտարապետներին քաջածանոթ ոսկեհատման օրենքով։ Նրա մեջ ոսկեհատման օրենքից էին ելնում կամ օրենքին էին հանգում հարաբերությունները՝ մարդկանց ու երևույթների հետ։ Ոչ մի գիտակ ու գիտնական չի կարող վկայել գիտնականի նրա թուլությունը, ոչ մի բանաստեղծ չի կարող վկայել, թե նրա տարերքը պակաս կատաղի էր, ոչ մի խմբագիր չի կարող ասել, թե ինքը երբևէ ավելի համարձակ թերթ ու հանդես է հրապարակել, ոչ ոք չի կարող հպարտանալ, թե անձնական կամ ազգային ցավի առաջ ինքը ավելի զգայուն է եղել, և հակառակը՝ բոլորը-բոլորս միաբան ենք, որ մեր ամենագիտնականից գիտնական, ամենահամարձակից համարձակ, ամենահորդից հորդ՝ նա երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ չավիրեց իր ոչ աջ, ոչ էլ ձախ ափը…»:
Հրանտ Մաթևոսյան

«Վահագն Դավթյանը բազմաշնորհ բանաստեղծ է, նրա բանաստեղծությունները միջնադարյան մեր երգերի խորությունն ունեն և արևմտահայ պոեզիայի շքեղությունը, պոետական կուլտուրան բարձր է, տեխնիկապես կուռ է, հողի բույր ունի, բայց և եթերային է…»։ Ավետիք Իսահակյանը

«Ամեն տեսակ արծիվ տեսել էի, բայց սպիտակ՝ ոչ:
Առաջին անգամ Հայաստանում տեսա: Անսովոր թռչուն:

Ասես սպիտակ, մաքուր, ոչնչով չաղարտված հոգի էր, որ լայն թևերը բացած, վերացել էր երկինք: Հաղպատում` Սայաթ- Նովայի նախկին բանտի վրա թևածող արծիվներն ինձ վրա հսկայական տպավորություն գործեցին: Բայց ամենից շատ ինձ զարմացրեց նրանց աչքերի արտահայտությունը: Արծիվը շատ մոտիկից թռավ, և ես հասցրեցի տեսնել նրա հայացքը՝ խիզախ, ամուր, ասես պողպատյա, կեռ կտուցը, սպիտակ թևերի հպարտ, լայն բախումները: Ես նույնիսկ ցնցվեցի: Ինձ թվաց, թե ինչ-որ մի տեղ արդեն տեսել եմ դա: Ես անմիջապես հիշեցի Վահագն Դավթյանին: Նրա դեմքը:
Նրա աչքերը: Իսկական լեռնային արծիվ: Իր բանաստեղծություններից մեկում նա խոստովանում է, որ իր սիրելի զբաղմունքն է. «Բարձրանալ կատար… ու կանգնել արծվի հարևանությամբ»: Մարդ, որ արծիվների ցեղից է:

…Ես սիրում եմ Վահագն Դավթյանի պոեզիան, որը իսկապես «մաքրում է արյունը», մարդկային երակների մեջ արևի լույս է ներարկում, մարդուն դարձնում ավելի լավ, ավելի ազնիվ, հանում մինչև Արարատի բարձունքները»: Էդուարդ Մեժելայտիսը