«Ասում էր՝ մա՛մ ջան, էն տղեն տղա չի, որ հարթ ճանապարհով է գնում»․«Միայանակ գայլը» զոհվեց թշնամու ներթափանցման փորձը կասեցնելիս

2015թ․ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը, Մարտակերտի  ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհվեց վաշտի հրամանատար 25-ամյա Զորիկ Գևորգյանը: Անհավասար կռվում Զորիկը երկու տեղից վիրավորվեց. հրազենային  երրորդ վիրավորումը ճակատագրական եղավ երիտասարդ հայ սպայի համար:

«Զինվորական կյանքին սովոր էր, ու երևի այդ էր պատճառը, որ ընտրեց այդ մասնագիտությունը. ասաց՝ ինքը նպատակ ունի, ապացուցելու բան ունի… Մենք բոլորս էլ մահկանացու ենք, բայց ինքը դասվեց անմահների շարքը…  »,- ասում է հերոսի հայրը՝ Ժիրայր Գևորգյանը:

Զինվորական գործի նկատմամբ սերը զինվորական մորեղբորից ու հորից է անցել Զորիկին: «Հոր հետ կրակայինի էին գնում: Գնալիս միշտ ասում էի՝ Զորի՛կ ջան, զենքին, փամփուշտներին ձեռք չտաս»,- հիշում է մայրը:

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ դիմելու լուրը մայրը դժգոհությամբ է ընդունել: «Ասում էր՝ մա՛մ ջան, էն տղեն տղա չի, որ հարթ ճանապարհով է գնում: Դու պետք է ինքդ քո ճանապարհը հարթես»:

Դանակների ու զինատեսակների հավաքածուից մայրն առանձնացնում է զենքի խզակոթը՝ վրան փորագրված լուսնով ու գայլով:«Միայնակ գայլ». սա Զորիկի մականունն է: «Զորիկս գայլ շատ էր սիրում, ասում էր՝ գայլը միակ կենդանին է, որին հնարավոր չէ կրկեսում վարժեցնել»:

Ավագ լեյտենանտին հետմահու շնորհվել է կապիտանի կոչում: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով: Նրա անունով են անվանակոչվել այսօր մի քանի կրթօջախներ, «Փոքր Մհեր» կրթահամալիրի ջոկատներից մեկը, ռազմական ինստիտուտի հետախուզական ամբիոնը: