Պատմություն այն մասին, թե ինչպես էր Կոմիտասը երգում դասական և ազգային երգերը․ ահա թե ի՞նչ տարբերություն կար

Կոմիտասի մասին հիշողություններ ունեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր նրան երբեք չեն հանդիպել։ Բայց քանի որ խոսքը մարդուց մարդ է փոխանցվում, պատմությունները տարածվում են։ Այս մարդկանց թվին է դասվում ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։

«Մի դրվագ պատմեմ: Փարիզում էի: Գեղեցիկ գիշեր էր. 91-ամյա մի կին, որը երիտասարդ տարիներին իրենց տանը հյուրընկալել էր Կոմիտասին, պատմում էր, թե ինչպես Կոմիտասը մի օր երգեց: «Կոմիտասին խնդրեցինք, որ դասական երգի: Նա երգեց Շուբերտ: Այնպիսի մեծ, հզոր ձայնով երգեց, որ մեր տան բաց պատուհանի առջեւ ժողովուրդ հավաքվեց: Եվ երբ երգն ավարտվեց, բոլորը ծափ տվեցին: 91-ամյա Մարգոն հիացած պատմում էր Կոմիտասի ձայնի մասին: Բայց ինձ համար ամենաթանկն այն է, որ Կոմիտասն այդ նույն հզոր, բարձր ձայնի կարիքը չունեցավ, երբ երգում էր մեր ազգային երգերը: Մեր երգը դեպի ներս երգվող երգն է: Մերը մեծ ձայների, դղրդոցների երգ չէ: Մենք կիսով չափ դեպի ներս, հոգու ներսն ենք երգում»: