«Երբ առաջին անգամ բեմ բարձրացա, զգացի, որ սիրտս ավելի արագ սկսեց տկտկալ». ՓՈՔՐԻԿ ԱՐՏՈՒՇԸ ընդամենը 12 տարեկանում խաղացել է 5 ներկայացման մեջ

12-ամյա Արտուշ Բաղդասարյանը իր բացառիկ տաղանդի շնորհիվ հայտնվեց Գյումրու Դրամատիկական թատրոնում և անկախ իր կամքից փոքր քայլերով սկսեց գնալ դեպի դերասանի մասնագիտությանը:

Փոքրիկ դերասանը պատմում է, որ ամենևին մտադրված չի եղել դերասան դառնալ, նա նույնիսկ նշում է, որ 4 տարեկանում երազել է բանկի կառավարիչ դառնալու մասին: Բայց իր հրաշալի ձայնի շնորհիվ նա մասնակցում է մի մրցույթի, որտեղ պետք է մարմնավորեր Կոմիտասին: Բազմաթիվ երեխաներից ընտրվում է հենց Արտուշը, և այդտեղից սկսվում է նրա «աստղային ուղին»:

Մեկը մյուսի հետևից նրան առաջարկում են խաղալ տարբեր ներկայացումներում: Առաջինը Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացումն էր, որտեղ փնտրում էին լավ ձայն ունեցող փոքրիկ տղայի: Նա միանգամից հավանության է արժանանում և Արտուշի թատերական կարերիան ՞Վերելք»-ի շնորհիվ սկսում է վերելք ապրել: Տղային առաջարկում են խաղալ փոքրիկ Ոստանիկի դերը «Արշիլ Գորկի» ներկայացման մեջ, իսկ 2021թ․ միանգամից երեք առաջարկ է ստանում՝ «Փրկության կղզին», «Մաուգլի» և «Քայլեր» ներկայացումներում խաղալու:

«Ես թատրոնում միշտ եղել էի որպես հանդիսատես, մանկական ներկայացումներ եմ նայել: Երբ առաջին անգամ բեմ բարձրացա, զգացի, որ սիրտս ավելի արագ սկսեց տկտկալ: Ես ոտքս դնում եմ բեմին ու հասկանում եմ, որ....հասկանում եմ, որ թատրոնում եմ»,- Արտուշը խորը շունչ է քաշում: 

Արտուշը խոստովանում է, որ թատրոնը նրա կյանքում շատ բաներ է փոխել. նա դարձել է ավելի բաց, հեշտությամբ է շփվում և հիմա ավելի ինքնավստահ է: Սակայն այս ամենի հետ մեկտեղ վստահեցնում է, որ չի մեծամտացել և «աստղային հիվանդությամբ» չի տառապում:

Դաշնակահա՞ր, թե՞ դերասան, երաժշտությու՞ն, թե՞ թատրոնի կախարդական աշխարհ: Եթե ծնողների համար ամեն ինչ խառնվել է իրար, Արտուշի գանգրահեր գլխում հստակություն է՝ որոշել է համատեղել:

«Ես ուզում եմ իմ բոլոր ունակությունները միավորել՝ երաժշտական, թատերական, գիմնաստիկա, դրանք բոլորն էլ պետք են գալիս ներկայացումների մեջ,- ուսերն է թոթվում փոքրիկը,- տեսե՛ք՝ ես խաղացել եմ և՛ դրամատիկ, և՛ էպիկ դերեր, նաեւ կատակերգակ, երգել եմ, վազել եմ: Թատրոնում ամեն ինչն էլ պետք է գալիս, ու ինչքան շատ ես բազմակողմանի զարգացած, էնքան շատ շանսեր կան հետաքրքիր դերեր ստանալու»: