«Հրամանատարն ասել ա՝ հե՛տ գնացեք, Նարեկս ու 13 զինվոր ասել են՝ մենք քո հետ ենք, գալիս ենք առաջ». ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐԸ պատմում է ՀԵՐՈՍ ՈՐԴՈՒ մասին

«Ամսի 9-ին Նարեկը զանգեց, ասեցի՝ գիտեմ, ձեզ տեղափոխել են, ասեց՝ հա՛, մա՛մ, էդ վատ տեղն եմ։ Կյանքում չէի ուզի, որ նման բաներ տեսնեմ, բայց տեսել եմ… Ասեցի՝ Նարե՛կ, քիչ մնաց, պի՛նդ մնա»,- պատմում է 42-ամյա Սաթենիկ Տիգրանյանը ու հուզմունքով նշում, որ այդ զանգից հետո որդու հետ կապ հաստատել այլևս չի կարողացել։

19-ամյա Նարեկ Արտուշյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մեղրիում, երբ սկսվում է պատերազմը։ Նարեկը պատերազմի առաջին օրերից տեղափոխվել է Ջրական, սակայն ծնողներին հավատացրել է, թե Մեղրիի զորամասում է։

Նարեկ Առուշանյանը հակառակորդի դեմ կռվել է մինչև հոկտեմբերի 10-ը և այդ օրը երեկոյան զոհվել Ջրականում անօդաչու թռչող սարքի հարվածից։

Նարեկի զինակից ընկերներից մեկը, որը փրկվել է նույն վայրում, ծնողներին պատմել է դեպքից մանրամասներ:

«Հրամանատարն ասել ա՝ երեխեք, հե՛տ գնացեք, 28-ը հետ են գնում, 13-ը, որոնցից մեկը՝ Նարեկս, ասում են՝ հրամանատա՛ր, մենք քո հետ ենք, գալիս ենք առաջ։ Ամսի 5-ին լավ բոյ են տալիս, առաջ են գնում, հետևից օգնություն չի գալիս, նորից հետ են գալիս, 9-ին են էլի լավ բոյ անում, ու հետնահանջի ժամանակ 13 տղաները շատ հոգնած են լինում, անքուն, սոված։ Սկզբում հրամանատարին են խփում, հետո ԱԹՍ-ն հարվածում ա, ընկնում Նարեկենց շատ մոտիկ, էդտեղից միայն մի քանի հոգի են ողջ մնում»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Որդուց լուր չստանալով՝ Սաթենիկն ասում է՝ սկսում են փնտրել որտեղ հնարավոր էր, միայն 54 օր անց է ԴՆԹ-ով համընկնում լինում:

Մայրն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքն այլևս առաջվանը չէ, չգիտեն՝ ինչ են ուրախությունն ու երջանկությունը։

Սաթենիկն ասում է՝ ուժ ու հույս է տալիս այն հանգամանքը, որ մի օր որդուն հանդիպելու է։ Իսկ այժմ ապրում է նրա նկարներով, նրա մասին հուշերով ու Եռաբլուր այցելելով։