«Իմ տեղը լավը չի, բայց ինչ էլ լինի ես գալու եմ, երեխես ինձ ա սպասում». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ավագ լեյտենանտ Արմենին

«Հոկտեմբերի 25-ին իմ ծննդյան օրն էր, զանգեց, շնորհավորեց, ասեց՝ բան չի մնացել, հեսա գալու եմ։ Ասեց՝ իմ տեղը լավը չի, բայց կապ չունի, ես գալու եմ, Մարին՝ երեխեն, ինձ ա սպասում»,- հիշում է 23-ամյա Սուսաննա Բարխուդարյանը ու հուզմունքով ավելացնում, որ այդ զանգից հետո ամուսնու հետ այլևս կապ հաստատել չի կարողացել։

Սուսաննայի ամուսինը՝ 31-ամյա ավագ լեյտենանտ Արմեն Բարխուդարյանը, պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում էր։ Հակառակորդի դեմ կռվել է նախ՝ Աղդամում, այնուհետև՝ Մարտակերտում, հետո՝ Մատաղիսում։

Հոկտեմբերի 17-ին Արմեն Բարխուդարյանը Մատաղիսում զոհվել է անօդաչուի հարվածից։ Մեկ օր անց ընտանիքի անդամները իմանում են ողբերգական դեպքի մասին։ «Ընկերը զանգեց, նենց էր լացում հեռախոսի մեջ, որ անհնար էր չհասկանալ՝ ինչ է եղել»,- հուզմունքով հիշում է կինը։

Կինն ասում է՝ մարտի դաշտում ամուսնու կատարած սխրանքներից շատ բան իրեն հայտնի չէ, միայն մի անգամ ամուսինը ասել է, որ 2 ԱԹՍ է խփել։ 

Արմեն Բարխուդարյանը դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Արցախի պետական համալսարանում՝ ֆինանսներ բաժնում։ Բանակ զորակոչվելուց հետո որոշել է ծառությունը շարունակել և զինվորական դառնալ։ 10 տարի աշխատել է Խոջալուում, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում 6 ամիս վերապատրաստում անցնելուց հետո ստացել ավագ լեյտենանտի կոչում և մինչև պատերազմը 2 տարի աշխատել ՊՆ-ում:

Սուսաննա ու Արմեն Բարխուդարյանները 3 տարի է՝ ինչ ամուսնացել էին, ընտանիք կազմել, երեխա ունեցել։ Բնակվում էին Ստեփանակերտ քաղաքում։ 

Ամուսնու զոհվելուց հետո Սուսաննան ասում է՝ կյանքը գլխիվայր փոխվել է։ Հաճախ է հիշում ու կարոտում, երբ ամուսինը տուն էր գալիս, ընթրում, երեխայի հետ խաղում։ Սուսաննան ասում է՝ հաճախ է ամուսնու ներկայությունը զգում, որոշումներ կայացնելիս զրուցում է ամուսնու հետ, իր ծրագրերի մասին պատմում։ 

Արմեն Բարխուդարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։