Նա ընդամենը 32 տարեկան էր, բայց իրեն ենթարկվում էին 120 գաղտնի գործակալներ․ հայ, ում մասին լեգենդներ են պտտվում

Գանձակցի հայ հոգևորականի որդուն վիճակված էր դառնալ բացառիկ հետախույզ։ Գեներալ–մայոր Հովհաննես (Իվան) Աղայանցը Խորհրդային հետախուզության հիմնադիրներից է, ում անունը բաց աղբյուրներում հայտնվել է հետախույզ Գևորգ Վարդանյանի շնորհիվ։

Աղայանցը Վարդանյանի առաջին ուսուցիչն է եղել դեռ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին։ Աղայանցին, ով ընդամենը 32 տարեկան էր, ենթարկվում էին 120 խորհրդային օպերատիվ աշխատակիցներ։

Նա տիրապետում էր մի քանի օտար լեզուների՝ ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն, անգլերեն, իտալերեն։ Հենց Հովհաննես Աղայանցն էր Խորհրդային Միության վրա ֆաշիստական Գերմանիայի ներխուժումից 72 ժամ առաջ պարզել թշնամու հարձակման հստակ օրն ու նույնիսկ ժամը։

Նրա ամենափայլուն օպերացիաներից մեկը` Թեհրանում «մեծ եռյակի» առաջնորդների վրա իրականացվող մահափորձի ձախողումն էր. Գևորգ Վարդանյանի խմբի օգնությամբ Աղայանցին հաջողվում է բացահայտել «Երկար ցատկ» անվանումը կրող գերմանական դավադրությունը, որի նպատակն էր 1943 թվականի Թեհրանի համաժողովի ժամանակ վերացնել Իոսիֆ Ստալինին, Ուինսթոն Չերչիլին և Ֆրանկլին Ռուզվելտին։

Նրա ընտանիքը շատ համերաշխ էր։ Ինքն ու կինը`Ելենա Իլինիչնան, երկու որդի ու մեկ դուստր ունեին` Նիկոլայը, Ալեքսանդրը և Արփենիկը։ Նիկոլայը լրագրող դարձավ, Ալեքսանդրը` դիվանագետ։ Իսկ դուստրը` Արփենիկը, իրեն ընտանեկան գործերին նվիրեց։