«Ցայսօր տգետներն են հարցեր լուծողները, ափսոս որ մենք միայն խոսող ժողովուրդ ենք»․ Կոմիտասի այս խոսքերը ապշեցուցիչ են, կարծես այս օրերի մասին գրած լինի Վարդապետը

Վարդապետի մասին պատմություններում տեսնում ենք, որ նա երբեք չի վախեցել ճիշտն ասելուց ու հաճախ նաև շատ սուր է արտահայտվել։ Կոմիտասի շատ խոսքեր այնպիսի տպավորություն են թողնում, կարծես ներկայի մասին լինեն։ Այս խոսքերը հենց դրա ապացույցն են․

«Մենք որոշումներ ենք կայացնում, հարցեր ենք քննում, ժողովրդի անունից հայտարարություններ ենք անում, ժողովրդի անունից ելքեր ենք փնտրում ու գործողությունների ենք դիմում, բայց ցարդ այս ժողովրդին կարգին չենք էլ ճանաչում։

Նոր ենք երեսներս դարձնում ժողովրդի կողմը ․․․

Մենք ի՞նչ գիտենք՝ ինչ է ուզում հայի հոգին։ Մենք վիճաբանում ենք, թե ինչու է օտարն ասում, թե հայը չունի ինքնուրույն երաժշտություն, երբ մեր մտավորականությունն ամեն տեղ հայ երգի անվան տակ հայերեն բառերով ռուսական ռոմանսներ, իտալական մեղեդիներ կամ տաճկական բայաթիներ է երգում։ Էլ ինչու՞ պետք է օտարը գիտենա, թե որն է քո երգը, երբ Պոլսում հայ տիրացուները հարուստ ամիրաներին դուր գալու համար կլկլացնելով պատարագ են երգում՝ նմանեցնելով տաճկական եղանակներին։

Մենք մեծ հայրենիք ենք երազում, ազատ ու արդար աշխարհ ենք երազում, բայց ավելի հեշտը չենք անում, չենք անում այն, ինչը հենց մեր ձեռքում է։ Ավելին, երբ փորձում ես դա անել, հայրենակիցներիդ կողմից նախատինքի ես արժանանում․ նախանձը յոթգլխանի վիշապի նման հարձակվում է վրադ, ամեն ստոր քայլի դիմում են ընքացքդ կանգնեցնելու համար։ Ցայսօր տգետներն են հարցեր լուծողները, ափսոս, ափսոս որ մենք միայն խոսող ժողովուրդ ենք․․․»։