«Եվ բախտավոր եմ, քանզի ունեմ քեզ պես բարեկամ». գիտե՞ք՝ ում են ուղղված Հ. Սահյանի այս խոսքերը

Ձեզ ենք ներկայացնում Համո Սահյանի՝ հայ պատմաբան-բանասեր Մորուս Հասրաթյանին գրած «ոտանավոր-նամակը»: Այս լուսանկարում Մ. Հասրաթյանն ու Հ. Սահյանն են:

ՈՎ ՄՈՐՈՒՍԴ ԻՄ ՍԻՐԵԼԻ,
ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ՈՒ ԴԵՌ ԿԱՄ

Եվ բախտավոր եմ, քանզի ունեմ քեզ պես բարեկամ:
Չեմ մոռացել բնավ քեզ, դու պայծառ ես և անգին,
Եվ բարության հրեշտակի օթևան է քո հոգին:
Սրտիս մեջ ես լինում դու անհղացում երգի պես,
Չեմ մոռանում քեզ բնավ, ու երբ քեզ եմ հիշում ես,
Իմ աչքերի առջևից և պարզ, և խիտ, և բարի
Նահապետներն են անցնում Սյունյաց
կապույտ աշխարհի:
Ո՞վ է պահել քեզ թաքուն և պահել է ի՞նչ ձեռքով,
Որ այս դաժան ցրտերին աշխարհ բերի հրաշքով…
Քո հոգին է բարության երկինքներից պոկած շանթ,
Ու չի դիպել դեռ նրան ժամանակի ձեռքը ժանտ:
Դու ասում ես, թե վաղուց մեր քերթության պարտիզում
Սիրտդ Սյունյաց լեռներից մի ծաղիկ էր երազում…
Ահա գտել ես համեստ Մանուշակն իմ գլխակոր
Եվ գգվում ես դու նրան քնքշանքներով սիրող հոր,
Ահա գտել ես նրան, նայում ես ու հիանում
Ու տատրակներ ես մորթում հրճվանքների մեհյանում…
Թեև չունեմ Շիրազի աստվածատուր շնորքից
Եվ գարունքներ չեմ խլում ինչպես Էմինը՝ Նորքից,
Բայց տեղում եմ՝ տքնությամբ-Որոտանից անապակ
Մի կաթիլ ջուր հասցնել մեր քերթության ծովն անտակ:
Ինչպես տողերն այս խրթին ոտանավոր-նամակի,
Երկարել են ինձ համար ճամփեքը ձեր քաղաքի:
Թեև այստեղ, այս հարուստ Մուհամեդի ոստանում
Ոսկե դղյակ ու ոսկե լեռներ են ինձ խոստանում,
Միևնույն է, վաղ թե ուշ ես գալու եմ Երևան,
Զի իմ հոգին աշխարհում չունի ուրիշ օթևան:
Մենք հիմա կանք, ապրում ենք, մտերիմներ իմ անգին,
Երանության գեղեցիկ օր խոստացող հույսերով,
Լուսավորում ենք ահա մեր ճամփեքն ու մեր հոգին
Ապագայի երկնքից պոկած շանթի լույսերով:
Բացվում է մեր երեխան ծաղկի նման բուրավետ
Եվ մեր սրտերը կապում աշխարհի ու կյանքի հետ:
Բացվում է մեր երեխան-առագաստը մեր բախտի
Ու մեզ այս մութ ծովերով դուռն է տանում դրախտի:
Ի՞նչ եք անում դուք հիմա, ձեզնից չունեմ ոչ մի լուր,
Հիմա ինչպե՞ս եք ապրում, արդյոք ուրախ, թե տխուր:
Կարոտ արցունքն աչքերիս ահա հիշում եմ ես ձեզ,
Սիրուշ տիկին, որ քնքուշ ու բարի ես մորս պես,
Դարվին կուռ ու կորովի, Բակուր Սյունյաց նահապետ
Եվ քեզ Մուրիկդ իմաստուն ընկերացած գրքի հետ,
Քեզ Մորուսդ՝ երգերիս խստաբարո դատավոր,
Որով հոգիս աշխարհում հպարտ է եւ բախտավոր…
Ողջունում են ձեզ սրտանց Մանուշակն ու երեխան:
Պատասխանին անհամբեր սպասում եմ, ձեր՝ Սահյան