Վահան Տերյանի ընկերը Իսահակյանին հայտնել էր, որ «Արիւնը» հակառակ կարդալիս կստացվի Վահանի սիրած աղջկա անունը. գիտե՞ք՝ ում աղջկան է սիրել Վահանը
1904 մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը…Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում:
Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»:
Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»:
«Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել: Հանդիպումից հետո Վահան Տերյանի ընկերը Իսահակյանին հայտնել էր, որ «Արիւնը» հակառակ կարդալիս կստացվի Վահանի սիրած աղջկա անունը։
Այսպիսով Տերյանի առաջին ժողովածուն կոչվում է «Նիւր»: