Այս բերդի անկումը ժամանակակից պատմիչները համարել են հայ կյանքի մեծագույն աղետ. գիտե՞ք՝ որ բերդի մասին է խոսքը

Եփրատ գետի աջ ափին, Փարզման (այժմ՝ Մերզումեն) վտակի միախառնման տեղում, սեպաձև հրվանդանի վրա է գտնվում Հռոմկլա բերդաքաղաքը։

Վերջինս շրջափակված էր դժվարամատչելի ժայռերով, երեք կողմից ողողվում էր Եփրատի ու Փարզմանի ջրերով, ուներ քառաշարք պարիսպ ու աշտարակաձև, երկհարկանի մաշիկուլներով 7 դարպաս։ Ժայռերին խարսխված բարձր պարիսպներն ամրացված էին ուղղանկյուն կտրվածքի աշտարակներով։ Բերդի ներսում պահպանվել են աշխարհիկ շենքերի ավերակներ։ Հռոմկլան հռչակված էր ձիթենու, թզենու, պիստակենու ծառերով, ձմերուկի, սեխի, դդմի մշակությամբ։

Հռոմկլայի հիմնադրման մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Բյուզանդական տիրապետության ժամանակ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ (այստեղից էլ նրա Հռոմկլա՝ հոռոմների կամ հույների բերդ անունը)։

11-րդ դարի 2-րդ կեսից ենթարկվել է Փիլարտոս Վարաժնունու, այնուհետև՝ Գող Վասիլի հայկական իշխանություններին։ Մեծ իշխան Գող Վասիլի մահից (1112) հետո Եդեսիայի դուքս Բոլդուինը Տղա Վասիլից Հռոմկլան գրավել և պարգևել է իր ազգական Ջոսլին II Կուրտենեին։

1151-ին Ջոսլինի այրին՝ Բեատրիս դքսուհին, Հռոմկլան վաճառել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուն։ Վերջինս վերակառուցել է Հռոմկլայի ամրությունները, հիմնել երկու հոյաշեն եկեղեցի (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Աստվածածին) և հայոց կաթողիկոսական աթոռը Ծովք դղյակից տեղափոխել այստեղ։ Ավելի ուշ Հռոմկլայում կառուցվեց նաև Ս. Փրկիչ եկեղեցին։

1178-ին և 1179-ին Հռոմկլայում գումարված ժողովները, որոնց մասնակցել են գրեթե բոլոր հայ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, քննարկել և մերժել են բյուզանդական եկեղեցուն միանալու Հռոմի պապի առաջարկը, ճանաչել Հռոմկլայի կաթողիկոսության համահայկական ընդհանրական իրավունքը։

Մինչև 13-րդ դարի սկիզբը Հռոմկլան եղել է Հայոց կաթողիկոսի կալվածքը։ Հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործն այն միացրեց արքունի տիրույթներին։ Մինչև 1292-ը Հռոմկլայում է եղել Հայոց կաթողիկոսական աթոռը։ Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք (1166-1173) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն։ Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր, ստեղծվել նորերը։ Հռոմկլան հռչակվել է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով։ Հռոմկլայում են գործել կաթողիկոսներ Ներսես Դ Կլայեցին, Գրիգոր Դ Տղան, Կոստանդին Ա Բարձրբերդցին, մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը և ուրիշներ։

1292 թ-ի մայիսին Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը խոշոր ուժերով պաշարեց Հռոմկլան, որի բնակչությունը և պահակազորը 33 օր հերոսաբար դիմադրում էին թշնամուն։ Դրսի օգնությունից զրկված պաշտպանները հունիսի 28-ին քաղաքը հանձնեցին թշնամուն։ Պահակազորը սրի քաշվեց, քաղաքը կողոպտվեց, բնակչության զգալի մասը, այդ թվում՝ Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսը, գերվեցին։

Հռոմկլայի անկումը ժամանակակից պատմիչները համարել են հայ կյանքի մեծագույն աղետ։ Այնուհետև կաթողիկոսական աթոռը հաստատվել է մայրաքաղաք Սսում։ 16-րդ դարից հետո՝ օսմանյան թուրքերի տիրապետության ժամանակ, Հռոմկլայի Ս. Աստվածածին եկեղեցին փոխվեց մզկիթի, մյուսներն ավերվեցին։ Հռոմկլան վերջնականապես ավերվեց 1839-ին՝ Եգիպտոսի Իբրահիմ փաշայի ռմբակոծությունից։ Հռոմկլայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են ամփոփված Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Դ Կլայեցու աճյունները։

Մինչև 20-րդ դարի սկիզբը կիսավեր այդ եկեղեցին հայերի ու եզդիների համար ուխտատեղի էր (եզդիներն այն անվանում էին Տեր Ներսես)։