«Իր խմբով գնացել էր, որ վիրավորներին բերի, էն էլ պարզվեց, որ նրանք հայի համազգեստով թշնամիներն էին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արմանին

Արման Կարենի Օհանջանյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 10-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում: Սովորել է տեղի թիվ 2 հիմնական դպրոցում, իսկ ավարտելուց անմիջապես հետո գնում է Արցախ, ընդունվում Քրիստափոր Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարան։ Արմանը երազում էր դառնալ ռազմական բժիշկ, բայց հանգամանքների բերումով չի շարունակում ռազմական ուղին, այլ 2015 թվականին ընդունվում է Երևանի «Հայբուսակ» համալսարան։ Այնուհետև փոխում է մասնագիտությունը և 2017 թվականին ընդունվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան։

44-օրյա պատերազմը սկսելուն պես մեկնել է առաջնագիծ: Արմանը ամուսնացած էր և հասցրել էր սերունդ թողնել։ Երիտասարդ հոր սիրտն ամեն ինչ զգում էր։ Վերջին անգամ մեկնելիս նա ասաց՝ գնում է, որ հետո իր որդին չգնա։

Արմանն իր խմբով գնացել էր հայ վիրավորներ բերելու, բայց պարզվեց, որ նրանք հայի համազգեստով թշնամիներն էին։ Նա կռվեց մինչև իր վերջին կաթիլ արյունը: Կրակը վերցնելով իր վրա՝ օգնեց ընկերներին, որ դուրս գան էնտեղից։ Արմանը զոհվեց հոկտեմբերի 20-ին Իշխանաձորում և միացավ մեր անմահների գնդին։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…     
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…