«3 անգամ ԴՆԹ համընկում արեցին, որ համոզվեն իրենց որդին է». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԱՇՈՏԻ պատմությունը

Մարտիրոսյան Աշոտը Էջմիածնից էր։ Նա ավարտել էր «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրը։ Ուներ առողջական խնդիրներին, որոնք կարող էին հիմք տալ, որ ազատվեր ծառայությունից: Չնայած դրան Աշոտը գնում և ինքնակամ դիմում է գրում ու 2020 թվականի օգոստոսի 19-ին զորակոչվում բանակ։

Աշոտը ծառայում էր Ջրականում։ 1 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Կռվի առաջին օրվանից նա ակտիվ մասնակցում էր մարտական գործողություններին։

Հոկտեմբերի 12-ին նրանց 12 հոգանոց խումբն ընկնում է շրջափակման մեջ։ Աշոտը զոհվում է հոկտեմբերի 15-ին Հադրութում, ադրբեջանա-թուրքական հատուկջոկատայինների հետ անհավասար մարտում։ Երկար ժամանակ նա անհետ կորած էր համարվում…

2021 թվականի մարտի 5-ին ԴՆԹ համընկում եղավ, բայց հարազատները չհավատացին։ Կրկնակի փորձաքննության պատասխանին ևս չհավատացին և Աշոտի հայրը փորձանմուշն անձամբ տարավ Սանկտ-Պետերբուրգ, որտեղ արդեն երրորդ անգամ ԴՆԹ համընկում եղավ…

Այսօր Աշոտի ծննդյան օրն է։ Նա պիտի դառնար քսան տարեկան, բայց իր ապրելիք գարունները զոհեց հանուն հայրենիքի։ Երկնային ծնունդդ շնորհավոր, քա՛ջ տղա։