«Առյուծի պես էր կռվում, նույնիսկ, երբ թշնամին իրա զենքը ոչնչացրեց, ինքը շարունակեց պայքարը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Էդուարդին

Էդուարդ Արմանի Չիչյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 22-ին Երևանում: Սովորել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ 2019 թվականին ընդունվել է Հայ-Ռուսական համալսարանի «Կառավարում» ֆակուլտետը, սակայն ուսումը կիսատ թողնելով՝ զորակաչվել է Հայոց բանակ։

Էդուարդը 6 ամիս ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, որտեղ սովորել և գերազանց տիրապետում էր ԲՄ-21 Գրադ տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգին։ Ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի և հրամանատարի կոչում։ Այնուհետև ծառայությունը շարունակել է Կապանի զորամասում։

44-օրյա պատերազմից օրեր առաջ Էդուարդը իր զինակիցների հետ մեկնել էր Մեխակավան (Ջրական)՝ հերթական զինավարժությունների։ Պատերազմին մասնակցել է հենց առաջին օրվանից, կռվել քաջաբար, սակայն հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմի 14-րդ օրը, իր մի քանի զինակից ընկերների հետ համատեղ գիշերային հերթապահություն իրականացնելու ժամանակ զոհվում է թշնամու անօդաչու սարքի հարվածից:

Հրամանատարը փաստում է. «Առյուծի պես էր կռվում»: Նույնիսկ թշնամու կողմից անհավասար պայքարում իրեն կցագրված զենքի ոչնչացումից հետո, շարունակեց պայքարը` օգնելով իր զինակիցներին` զենքի և զինամթերքի մատակարարման, լիցքավորման և սպասարկման հարցերում:

Կրտսեր սերժանտ Էդուարդ Արմանի Չիչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…      
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…