«Ասեց մամ ջան, լավ եմ, իջնեմ չաստ, հեռախոսս դնեմ զարյադկի կզանգեմ»․ Հերոս Հակոբը փորձել է օգնել հրամանատարին ու ընկերոջը, բայց ԱԹՍ-ն խոցել է նրա տանկը

Արցախում ընթացող պատերազմը  հարյուրավոր զինվորների կյանքեր խլեց։ Նրանք զոհվեցին հանուն իրենց հողի ու հայրենիքի։ Իր տեղը գտավ հերոսների շարքում Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից Հակոբ Մանթաշյանը։ Նա բանակ էր զորակոչվել 2019թ․-ին, տանկիստ էր։

Հակոբն  ու ընկերները սեպտեմբերի սկզբին մեկնել էին զորավարժությունների մասնակցելու։ Մեր տանկիստ հերոսը, նոր էր վերադարձել «ԿՈՎՍԿԱՍ 2020» զորավարժություններից ու օդանավակայանից միանգամից մեկնել մարտի դաշտ՝ հերոսանալու ու ընկերներին այդ ծանր պահին օգնելու։

Ծառայում էր մեծ սիրով, ոգևորությամբ էր պատմում բոլոր հաղթանակների, ստացած մեդալների ու պատվոգրերի մասին։ Նա ընտանիքի հպարտությունն էր, ուրախությունը, բայց պատերազմը խլեց ամենաթանկը՝ հերոսի կյանքը։ Հոկտեմբերի 16-ին Հակոբը խոսել էր մոր հետ, ասել, որ ամեն ինչ լավ է լինելու, վերադառնալու է։

«Ասեց մամ ջան, լավ եմ, իջնեմ չաստ, հեռախոսս դնեմ զարյադկի կզանգեմ, սպասեցի, սպասեցի, բայց այդպես էլ չզանգեց․․․»,-ասում է հերոսի մայրը։ Մի նամակ ու իր գլխարկը տվել էր ընկերոջը, որ հասցնեն հերոս ծնած մորը… Երևի զգում էր, թե ինչ է լինելու իր հետ։

Զորաշարժ կատարալու ընթացքում վազել է դեպի տանկ՝ օգնելու հրամանատարին ու զինակից ընկերոջը։  Բայց այդ պահին ԱԹՍ-ն խոցել է Հակոբի տանկը։ Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։