Երկու դուստրերի ՀԱՅՐԸ, ապրիլյան պատերազմի մասնակից ՀԵՐՈՍ ԽԱՉԻԿԸ հանուն հայրենիքի չխնայեց սեփական կյանքը. ճանաչե՛ք նրան

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Խաչիկ Կարենի Բաղդասարյանը պայմանագրային սերժանտ էր: Նա ծնվել է 1987 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Ամուսնացած էր, ունի երկու դուստր:

Խաչիկը երկար տարիներ զբաղվել է սպորտով, արժանացել է բազմաթիվ մեդալների:

12 տարի շարունակ որպես պայմանագրային Խաչիկը ծառայել է հայոց բանակում: Նա նաև խաղաղապահ ծառայություն է իրականացրել Աֆղանստանում:

Հերոսը մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին: 2020 թվականից պահում էր Քարվաճառի դիրքերը: Պատերազմը սկսվելու պահից՝ սեպտեմբերի 27-ից մարտնչել է թշնամու դեմ:

Հերոս Խաչիկը զոհվել է սեպտեմբերի 30-ին հանուն հայրենիքի: Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Փա՛ռք ու պատիվ Քեզ, Հերոս Խաչիկ: Երախտապարտ ենք քեզ ու քեզ նման բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի փրկության և մեր ամեն բացվող առավոտի համար: