«Որդուս զոհվելու օրը ահավոր ցավ զգացի, կարծես սիրտս դանակ մտավ»․ հերոս Վաղինակ Աբգարյանը փրկեց ընկերների կյանքն ու զոհեց իրենը

Վաղինակ Աբգարյանը մեկն էր այն հերոսներից, որ ընկավ հանուն հայրենիքի, պաշտպանեց իր հողն ու միացավ անմահ ընկերներին։ Բոլորը գիտեին հերոսի մահվան մասին, բացի մորից, բայց թաքցնելն այլևս հնարավոր չէր։ Հերոսը Արագածոտնի մարզի Փարպի գյուղից էր։

«Մամ, հյուրեր ունենք, կզանգեմ»… այս բառերով ավարտվեց Վաղինակ Աբգարյանի վերջին հեռախոսազրույցը մոր՝ Հասմիկի հետ։ Դա հոկտեմբերի 22-ն էր։

Մայրը հետո հասկացավ, որ հյուրը թշնամին էր։ Միայն մեկ ամիս անց հարազատները ստացան հերոսի մահվան լուրը։ Նա ընկավ Թաղավարտի համար մղվող մարտերում։ Հերոսի զինակից ընկերները հետո նրա մորը պատմել են, որ որդին մարտական ընկերների հետ որոշել է փակել հակառակորդի ճամփան, մինչ մյուսները մարտադաշտից դուրս կբերեին վիրավորներին։

Տիկին Հասմիկն ասում է, որ տղերքն իր աչքերին չեն կարողանում նայել․չէ՞ որ Վաղինակն իրենց փրկեց, իսկ իրենք նրան փրկել չկարողացան։

«Որդուս զոհվելու օրը ինչ-որ տարօրինակ բան կատարվեց։ Ես խանութում էի և ահավոր ցավ զգացի, կարծես սիրտս դանակ մտավ։ Ցավից կծկվեցի ու սկսեցի լացել։ Չէի կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում»,-պատմում է մայրը։