«Անու՛շ, Համոյիս որ մի բան պատահի, իմացիր, մերդ մեռնելու է». միայն իմանաք՝ ինչ էր ուզել Համո Սահյանը մահվանից առաջ

Ձեզ ենք ներկայացնում Համո Սահյանի քրոջ՝ Հասմիկի հուշերից մի հատված:

«Համոն ծանր էր: Արդեն հեռախոսին չէր պատասխանում: Իմացա, որ դաղձի ծաղիկ է ուզել, ասել է` մենակ մեր դաղձի ծաղիկը շունչս կբացի…
Էդ տեսակ դաղձը՝ իր սիրուն, բուրավետ ծաղիկներով, Շամբի լանջերին է աճում: Ոտքով վազելով, շունչս կտրելով հասա Շամբ. աղջիկս էնտեղ էր ապրում: Միասին ընկանք սարերը, դաղձի ծաղիկներ հավաքեցինք:
Սիրտս անհանգիստ շտապում էր, քիչ էր մնում կոկորդիցս դուրս թռչեր: Աղջկաս՝ Անուշին ասացի՝ «Անու՛շ, Համոյիս որ մի բան պատահի, իմացիր, մերդ մեռնելու է»… Է՜հ, մարդուս ճակատը շատ պինդ է, ամեն ցավի դիմանում է:
Տեսա հետևիցս Սիսիանի նախկին քաղաքապետի մեքենան Շամբ է եկել: Սիրտս ահ ընկավ, լացուկոծս դրեցի: Քաղաքապետը հանգստացրեց, ասաց՝ «Հասմի՛կ մորքուր, Համոն ողջ է, բայց մենք էլ ենք ուզում գնալ, տեսնել մեր վարպետին»: Ինձ խաբեցին: Ճանապարհին ոչ մեկը չէր խոսում, ես մեռած-չթաղած էի: Իմն արդեն ինձ էր տվել…
Երբ հասանք, ինձ արդեն ձեռքերի վրա բարձրացրին հարկերը: Ինձ կորցրել էի, բայց Համոյի դաղձի ծաղիկները պինդ բռնած պահում էի…
Համոյիս դաղձի ծաղիկները շարել էի դեմքի շուրջը, շաղ տվել կրծքին:
Համոն էլ չէր շնչում, բայց ես էլ, մյուս քույրերս էլ տեսանք, որ փակ կոպերի տակից արցունքը եկել, հասել էր դաղձի ծաղիկին…
Համոս զգացել էր, որ իր դաղձի ծաղիկները քույրը բերել է… Նրանց հետ էլ հողը մտավ»…