«Արենենց դիրքը առաջիններից էր, որ իր վրա վերցրեց թշնամու հարձակումը». կարդա՛ ՀԵՐՈՍ Արենի պատմությունը, ով օժտված էր բացառիկ խելքով ու բարությամբ

Միրզոյան Արեն Կարենի. ծնվել է 2002 թ. հունվարի 2-ին  Գորիսում: 2004 թ. ընտանիքը տեղափոխվել է Արցախ՝ Շուշի: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ (անվճար): «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթողն էր:

2020 թ. զորակոչվել է բանակ, ծառայել Արա լեռան զորամասում: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց. Արենի դիրքը առաջիններից էր, որ իր վրա վերցրեց թշնամու գրոհը:  Արա լեռան անկումից հետո Արենը մասնակցել է Հադրութի եւ Դրախտիկի պաշտպանությանը: 

Արենի հայրը հիշում է «Արենը բացառիկ երեխա էր, տաղանդավոր՝ բոլոր ոլորտներում, կիթառ էր նվագում, մասնակցում մրցույթների ու համերգների, նույնիսկ Ստավրոպոլում է համերգներ ունեցել: Մաթեմատիկայի ու ֆիզիկայի դպրոցական ծրագիրը նրան տրվում էր առանց որեւէ դժվարության: Նա իր կարճ կյանքում այնքան բան է հասցրել անել՝ մասնակցել է բազմաթիվ մրցույթների, օլիմպիադաների, չկար մի ոլորտ, որով հետաքրքրված չլիներ, պրպտող միտք ուներ, անընդհատ զբաղված էր որոնումներով: Համոզված եմ, որ ճանաչված գիտնական էր դառնալու, բայց…»:

Նրա մարդկային հատկանիշները լավագույնս դրսեւորվում էին դժվար պահերին, չէր սպասում, որ իրեն դիմեին, օգնում էր բոլորին: Հատուկ շարմ ուներ, որով իրեն ճանաչողներին գերում էր ու բարեկամանում բոլորի հետ: Երբ արդեն ֆիզմաթում էր սովորում, իմացանք, որ կիթառ է նվագում, հիմա հաճախ ենք հավաքվում, լսում նրա կատարումների ձայնագրությունները: Նա այս երկրին այնքան շատ բան կարող էր տալ, նա կարող էր եւ համոզված եմ, որ դառնալու էր հռչակավոր գիտնական, որովհետեւ այդպիսի մարդիկ դարը մեկ են ծնվում…»:

Արեն Միրզոյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 20-ին Ամարասի մոտակայքում: