«Ամբողջ պատերազմը հաղթահարեց, հիվանդանոցում չդիմացավ». որդեկորույս մայրը պատմում է ՀԵՐՈՍ ՌԱՖԱՅԵԼԻ մասին

Ռաֆայել Խաչատրյանը արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկին ընդամենը 12 օրվա զինծառայող էր: Անտեսելով այդ հանգամանքը, հրամանատրության որոշմամբ նա սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից տեղափոխվել է Հադրութ: Նորակոչիկը անցել է ամբողջ պատերազմը, մասնակցել է բազմաթիվ ծանր մարտերի, մահացել է նոյեմբերի 25-ին` հիվանդանոցում:

Ռաֆայել Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Երբ ամիսներ առաջ ՊՆ ներկայացուցիչները կապվել են զինվորի ծնողների հետ և ցանկություն հայտնել այցելել նրանց տուն, Ռաֆայելի հայրը` Էդուարդը նրանց արգելել է դա անել ու ասել է. «Որտե՞ղ էինք դուք, երբ իմ որդին կռվում էր»:

Հերոսի մայրը՝  Վարդուհի Բաղդասարյանը պատմում է, որ պատերազմի հենց առաջին օրվանից որդին  զանգահարել է ծնողներին, ասել, որ ինքը ապահով տեղում է, որ իրեն ոչ մի վտանգ չի սպառնում: Ու այդպես 44 օր: Պատերազմի վերջին օրը` նոյեմբերի 9-ին ծնողները լուր են ստացել, որ որդին վիրավոր է, տեղափոխվել է Երեւան եւ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում…