Միջնադարյան Հայաստանի անառիկ ու անմատչելի բերդերից մեկը․ լսե՞լ եք Ամյուկ ամրոցի մասին

Ամյուկ ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Վանի նահանգի Առբերանի գավառում, Վան քաղաքից հյուսիս,Վանա լճի հյուսիս-արևելյան ափին, Լիմ կղզուց հարավ, Ամյուկ թերակղզու ծայրակետին, բարձրաբերձ քարաժայռի վրա։
Ամրոցը հայտնի է նաև Ամակ, Ամեկ, Ամիք, Ամկոբերգ, Ամկուբերդ, Ամոք, Ամակ, Ամք, Ամքար, Համոկ, Համուկ, Քար-Ամկո անվանումներով։

Միջին դարերում եղել է Գնունիների, ապա՝ Արծրունիների սեփականությունը։ 1021 թվականից հետո, երբ Վասպուրականի արքա Սենեքերիմ Արծրունին Վասպուրականը հանձնեց Բյուզանդիային` փոխարենը կալվածքներ ստանալով Սեբաստիայում, Վասպուրականում Արծրունիների վերջին տիրույթները մնում են Ամյուկ ամրոցն ու նրա շրջակայքը:

Ամյուկը միջնադարյան Հայաստանի անառիկ ու անմատչելի բերդերից էր և շատ հաճախ հիշատակվում էր հայ մատենագիրների երկերում։ Հետագայում Ամյուկի ստորոտներում հիմնադրվում է Ամիկկայա գյուղը։