«Պապս ամբողջ կյանքում երազում էր նորից Մուշ վերադառնալու մասին»․ Մշեցու թոռան հիշողություններն ու կորած տատի պատմությունը

Մշեցի հայդուկի՝ ֆիդայի Սարգսի թոռը Ավագը Մուշում չի ծնվել, այսօր էլ ապրում է Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Ավագը պատմում է , որ պապն ու նրա ընկերները երկար ժամանակ ֆիդայություն են արել սարերում, կռվել թուրքական զորքի դեմ։ Կանայք ու երեխաներն էլ ապրել են գյուղերում։ Ընտանիքները երկար ժամանակ բաժանված են եղել միմյանցից։

Այդ ժամանակ էլ հայ ֆիդայու կնոջը թուրք ղեկավարներից մեկը խլել է և դարձրել իրեն հարճ։ Նրա պապի թուրքական անունը Միրզա է եղել, ով տարիներ հետո վերադարձել է Մուշ՝ փորձելով գտնել եղբայրներին, սակայն ապարդյուն։

 «Ես տարիներ առաջ գնացի Մուշի մեր հին տունը, գտա փաստաթղթեր, որտեղ նշվում են նախկին սեփականատերերը։ Պապս ունեցել է երեք եղբայր՝ Արթին, Օհան, Զեմուն։ Նրանց հոր անունն Ավագ է եղել։ Պապս ամբողջ կյանքում երազում էր նորից Մուշ վերադառնալու մասին»,–պատմում է Ավագը։ Նշանավոր ֆիդայինը մահացել է 1969-ին։

Նրա թոռը Ավագը հասցրել է Հայաստանի Հանրապետություն այցելել, լինել Ծիծեռնակաբերդում, խոնարհվել 107 տարի առաջ զոհված նախնիների առաջ։ Խոստովանում է՝ կարծես ծանր քար լինի սրտից կախված, երբ զգում է, որ ապրում է մի հանրության մեջ, որը սպանել է իր նախնիներին։