«Փոքր ազգը պետք է ինքն իրեն գովի, ինքն իրեն բարձրացնի անընդհատ»․ Սոս Սարգսյանի այս մտքերը վերածվել են թևավոր խոսքերի․ արժե՛ կարդալ
Սոս Սարգսյանին ու նրա կերտած կերպարները հայ ժողովուրդը շատ է սիրել։ Դերասանն էլ իր ազգին ու հայրենիքին է շատ սիրել։ Ժողովրդական արտիստը չի վախեցել քննադատել, ինչ-որ բան իր կարծիքով սխալ է եղել նա բարձրաձայնել է ու արտահայտել է մտքեր, որոնք այսօր վերածվել են թևավոր խոսքերի։ Ձեզ ենք ներկայացնում առավել տպավորիչները․
- Ձեն եմ տալիս՝ ոչ ոք չի պատասխանում։ Ոչ Խորիկը կա, ոչ Ֆրունզը, ոչ մեկը չկա. ձեն ձենի տվածգնացին։ Մեկ-մեկ նրանց ձայներն ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում. լռություն է։ Գիտե՞ք սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ:
- Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա, և կապրենք այստեղ հավերժ։ Ոչնչացնել հայերին անհնար է։

- Կանա՞յք… Նրանք անչափ կարեւոր են եղել ինձ համար։ Կնոջ առեղծվածը անվերծանելի է, խորությունը՝ անչափելի։ Աստված այդ ինչպե՞ս է ստեղծել կնոջը, այդքան անպարագրելի, այդքան խորհրդավոր։ Կինն ամեն ինչի հիմքն է։ Կնոջ բնությունը շատ ուժեղ է, երբեմն ինձ թվում է, թե կինը ոչ միայն գլխով է մտածում, այլեւ հոգով։ Ես սիրել եմ մի քանի անգամ, անսահման եմ սիրել։ Ու անչափ երջանիկ եմ, որ այդպես սիրել եմ։ Սիրելը մեծ երջանկություն է։
- Արվեստը ճաշակ է, ճաշակ: Կա ճաշակ՝ արվեստ կա:
- Մարդն ուզի-չուզի, կյանքում սխալներ է անում: Հետո շուռ է գալիս, ասում` ինչի՞ արեցի այդ բանը, տառապում, տանջվում է: Չես կարողանում մոռանալ քո արած սխալը, ուտում ես քեզ…բայց ինչո՞ւ: Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող:

- Մեծ մարդիկ, որ շատ լինեն նրանց արժեքը կկորի։
- Կյանքում մարդիկ ամեն կերպ թաքցնում են իրենց էությունը, իսկ թատրոնը միշտ բացահայտում է դա։
- Սիրո ազդեցության տակ ինչեր էինք անում, աշխարհը մեր ոտքի տակ էր, դա մեզ ուժ էր տալիս:
- Թատրոնն ապրում է, շնչում, թատրոնը հավիտենական է, և նրա ասելիքն էլ հսկայական նշանակություն ունի հասարակության համար:
- Փոքր ազգը պետք է ինքն իրեն գովի, ինքն իրեն բարձրացնի անընդհատ: Փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ լինի, ծնվի այդ մարդը: