Գիտե՞ք՝ Եղիշե Չարենցի իրերից ինչն էր ցանկանում վաճառել կինը՝ Իզաբելան. արդյո՞ք նրան հաջողվում է

1937 թվականին, Եղիշե Չարենցի ձերբակալությունից հետո, նրա կինը՝ Իզաբելլան, երեխաների ապրուստը հոգալու համար խնդրում է Ռեգինա Ղազարյանին վաճառել Չարենցի պատեֆոնը՝ ինը ձայնապնակներով:

Չարենցի պատեֆոնը

Այդ ժամանակ Ռեգինան բնակվում էր Անժելա Մկրտումյանի տանը: Չարենցի անտիպ ձեռագրերը թաքցնելուց հետո, Ռեգինան զգում է գլխին կուտակվող սև ամպերը, և հեռանում է Մոսկվա: Պատեֆոնը մնում է Անժելա Մկրտումյանի մոտ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռեգինան վերադառնում է Երևան, հետաքրքրվում և տեղեկանում է, որ Անժելան մահացել է, իսկ պատեֆոնը մնացել է նրա եղբոր մոտ։

1999 թվականի սեպտեմբերին Չարենցի պատեֆոնը հայտնվում է Երևանի Վերնիսաժում։ Ռեգինայի բարեկամ Հրանտ Բաբայանը պատահաբար տեսնում է պատեֆոնը և տեղեկանալով, որ այն Չարենցին է, գնում է և նվիրում Ռեգինային, որն էլ այն հանձնում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանին։