«Արվեստի խնդիրները հուզումով չեն լուծվի»․ Լևոն Շանթը՝ Ստեփան զորյանի հուշերում

Հայ գրողների մասին պատմությունները մեզ հասել են տարբեր աղբյուրների շնորհիվ․ շատերը հարազատների հիշողություններից են, շատերը հենց իրենք՝ գրողներն են իրենց մասին գրել, իսկ կան պատմություններ, որոնք հասել են այլ գրողների միջոցով։
Այս պատմությունը Լևոն Շանթի մասին մեզ պատմում է Ստեփան Զորյանը․

«Միջահասակ էր և հանդարտաբարո:
Ինչպես իր բոլոր երկերը, անկախ նրանց բովանդակությունից ու խորությունից, գրված են միշտ խնամքով ու ճաշակով, և ոճի մեջ ոչ մի պոռոտ բան, — այդպես էլ ինքը` հագնվում էր խնամքով, ճաշակով: Բայց անձը ցուցադրելու ոչ մի նշան. միշտ պարկեշտ և միշտ զվարթ: Անգամ այն ժամանակ՝ 13 և 14 թվականներին, երբ «Հին աստվածները» դղրդում էր մեր քաղաքներում, հեղինակ Շանթը չէր երևում մեջտեղ:
Այս պիեսը երկու-երեք տարի անընդհատ խաղացվում էր Թիֆլիսի հայկական ու ռուսական բեմերում՝ խաղում էին դերասանական տարբեր խմբեր, երբեմն միևնույն դերի համար մրցում էին մեր անվանի դերասանները, կարելի է ասել նույնիսկ իրար ձեռքից դեր էին խլում, հեղինակն իրեն հեռու էր պահում այդ ամենից և անգամ չէր լինում ներկայացումներին:

Երբ մի օր խոսք եղավ այդ մասին, պիեսը բեմադրող Արմեն Արմենյանը բացատրեց, որ Շանթը հետևում է իր որդեգրած սկզբունքին:

Նա ասում է. «Ես կգրեմ գեղարվեստական գործդրամա. Կուզեն բեմադրեն, կուզեն ոչ. իրենց գիտենալիք բանն է. ինձ բնավ չի հետաքրքրեր»:
Իրեն պատասխանատու չի համարում ներկայացման համար, հետևաբար և չի գալիս թատրոն …

Բայց նա քիչ էր երևում նաև Թիֆլիսի հայ գրական շրջաններում: Նա եղավ Գրողների ընկերության միայն մի երկույթի, ուր և ընկերության նախագահ Թումանյանը ջերմ խոսքերով ողջունեց նրա ներկայությունը: Շանթը համեստաբար, առանց որևէ խոսքի, շնորհակալություն հայտնեց գլխի շարժումներով: Այսքանը:
Ապա նա` այլ տարի եղավ գրողների մի ժողովում, ուր և Թումանյանը մի քանի երիտասարդ գրողների ծանոթացրեց Շանթին, ասելով.

-Ահա և քո ուզած երիտասարդները …

-Ուրախ եմ գրողների նոր սերունդ տեսնելով:

Ասաց նա և լռեց. կարող էի ասել ամբողջ ժողովի ընթացքում, եթե չլիներ նրա մի ռեպլիկը:
Ինչ-որ խնդրի քննության ժամանակ երիտասարդ բանաստեղծներից մեկը խոսեց տաքացած, հուզված․

-Հանադարտ, տղաս, հանդարտ, — ասաց Շանթը բարեհոգի ժպիտով, — Արվեստի խնդիրները հուզումով չեն լուծվի …»