«Գոնե մեկը գար, մեկը վիրավոր լիներ, ընտանիքի ծուխը չմարեր»․ Պատերազմը խլեց երկու եղբայրների կյանքը

Եթե չլիներ պատերազմը, հիմա Ադամն ու Արամը իերնց ընտանիքի կողքին կլինեին, բայց եղբայրները կողք-կողքի «ննջում են» հայրենի Գոգարան գյուղի գերեզմանատանը:

Նրանք Ռուսաստանից վերադարձել էին Հայաստան՝ հատուկ բանակ գնալու համար։ Այվազյանները Ռուսաստան էին տեղափոխվել 1988 թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, քանի որ իրենց տունը հավասարվել էր զրոյի՝ քարը քարի վրա չէր մնացել։ Տղաների մայրը տարիներ առաջ է մահացել:

Ադամը հոր հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 7-ին, ասել է, որ թևի շրջանում վիրավորում է ստացել, լուրջ բան չկա: Հայրը որդու դիակը գտնելուց հետո է պարզել, որ վիրավորումը գլխի շրջանում է եղել:

Ադամի զինծառայությունն անցել է Մատաղիսում: Նա լեյտենանտի կոչում է ստացել։ Հոկտեմբերի 10-ին ընտանիքին հայտնել են հերոսի զոհվելու մասին: Ընկերը Ադամի հեռախոսահամարով զանգել է  տուն ու ասել, որ Ադամն էլ չկա:

Որդու մասին իմանալուց հետո հայրը ՌԴ-ից վերադառնում է Հայաստան, սակայն դեռ Ադամի մարմինը չգտած` հոկտեմբերի 18-ին կրտսեր որդու` Արամի զոհվելու լուրն է ստանում:

Արամը սեպտեմբերի 24-ից սկսած՝ Ջաբրայիլում զորավարժությունների է մասնակցել, այնտեղ էլ եղել է ողջ պատերազմի ընթացքում: Արամից որևէ լուր չի եղել: Առաջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին` եղբոր զոհվելու օրը:

Արամը որոշել էր հայրենիքի առաջ պարտքը կատարելուց հետո ամուսնանալ: Սիրելիի զոհվելու լուրը Քրիստինայի մոտ առողջական լուրջ խնդիրներ է առաջացրել: «Գոնե մեկը գար, մեկը վիրավոր լիներ, ընտանիքի ծուխը չմարեր»,- ասում էտղաների տատը: Տղաներ հայրը որոշել է Հայաստանում ապրե;, ասում է․«Որդիներիս թողնեմ ու՞ր գնամ»։