ՀԱՅ գրողներից մեկը մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը և ինչու Հ. Թումանյանը համամիտ չէր նրա հետ

Ձեզ ենք ներկայացնում Թումանյանի դստեր՝ Նվարդի տերյանական հուշերից մի հատված:

Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:

Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի՜նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա: