Հենց այս բերդն է հսկել և պաշտպանել ԱՆԱԶԱՐԲԱ քաղաքը՝ գիտե՞ք՝ ինչ բերդի մասին է խոսքը և ինչպես են այն անվանել թուրքերը

Դաշտային Կիլիկիայի հարավարևելյան ծայրամասում, Ջահան գետի աջ ափին գտնվում է Ամուդան բերդը, որը հայտնի է նաև Ադամոդան, Ամուդ, Ամուդա, Ամուտ, Ամուտա, Ամուտան, Ատամոտա, Ատամոտան, Համիդիե, Համուտա, Հեմիդիե, Համիթե անուններով:

Ամուդանը կառուցվել է կոնաձև լեռան գագաթին, ունեցել է քառակուսի դղյակ, հարավարևմտյան և հյուսիսարևելյան կողմերից ամրացվել պարիսպներով և աշտարակներով։ 1145 թվականին Ամուդանը բյուզանդացիներից ազատագրել է Թորոս Բ իշխանապետը։ Ամուդանը հսկել է Ջահանի գետանցի և Ամանոսի լեռնային ուղիների հանգույցը, արևելքից պաշտպանել Անազարբա քաղաքը։

Ըստ Սմբատ Սպարապետի՝ 12-րդ դարի վերջին Ամուդանի բերդատեր իշխանն էր Սիմոնը։ Լևոն Բ թագավորը 1212 թվականին Ամուդանը պարգևել է (զինվորական ծառայության համար) Տևտոնյան հոգևոր օրդենի ասպետներին։

1266 թվականին Եգիպտոսի արաբական սուլթանության զորքերը գրավել են Ամուդանը, կոտորել տղամարդկանց, գերեվարել կանանց և երեխաներին։ Նրանք Ամուդանը և շրջակա միջակայքն ասպատակել են նաև 1298 թվականին։

Ամուդանը վերջնականապես ավերվել և լքվել է XV-XVI դարերում։ Ավերակները թուրքական նվաճողներն անվանում են Հեմեդիեկալեսի: