«Ընկերը զոհվել է աչքի առաջ, ընկերոջ մարմինը ձեռքերի վրա է տարել»․ հերոս Արամ Սվարյանի վերջին  զանգը եղել է հոկտեմբերի 9-ին

Արամ Սվարյանը մեկն էր այն հերոսներից, որ կռվեց մինչև վերջին շունչը՝ ընկերների կողքին։ Պատերազմի օրերին Ջաբրայիլում վարորդ էր, ընկերներին սնունդ էր հասցնում:

Քույրը հիշում է եղբոր հետ ունեցած զրույցներից մեկը․ «Ասացի՝ չես կարողանում այնպես անել, որ վարորդ չլինես, ասեց՝ հաղթելու համար պիտի մտնենք մեր խրամատներ ու գնանք մինչև վերջ, իմ խրամատն էլ մեքենան է»։

Արամը զբաղվում էր  կարատեով, բոքսով, մասնակցում՝ տարատեսակ մրցույթների: Արդեն դպրոցն ավարտելու վերջին տարում սովորում էր նաևավտոդպրոցում, որպեսզի բանակում վարորդ լիներ: Հուլիսի 2-ին զորակոչվել է բանակ, դիրքեր զենք է տեղափոխել:

Արամը զանգում էր հարազատներին, հուսադրում, որ ամեն ինչ լավ է լինելու: «Արամի զինակից ընկերը զոհվել էր հենց նրա աչքի առաջ, ասում էր՝ մինչև դիրքից իջացրի, մարմինն արդեն սառել էր, բայց էդ դիրքը հետո հետ ենք գրավել, դրոշն էլ ես եմ դրել դիրքում»,- պատմում է քույրն ու ավելացնում. «Ասես արդարացնում էր իր փրկվելը…»: Արամից վերջին զանգը եղել է հոկտեմբերի 9-ին։ Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին։