«Ընտանիքի անդամների հետ էլ էր որպես զինվորական շփվում, տեղ գնալիս էլ բոլորին հրահանգում էր` ոտքի». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գեղամին

Դիվիզիայի շտաբի պետ Գեղամ Գաբրիելյանը 44-օրյա պատերազմի անմահացած հերոսներից է, ով մասնակցել է նաև Արցախյան առաջին պատերազմին, որի ժամանակ դպրոցը չէր էլ ավարտել:

1994 թվականի սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, 17 տարեկանում լեյտենանտի կոչում է ստացել, զինվորագրվել բանակին։ Ինչպես ինքն է պատմել, այդ ժամանակ չի էլ մտածել, որ աշխարհում զինվորական գործից զատ այլ մասնագիտություն կա:

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Գեղամ Գաբրիելյանի ընտանիքը Մարտունիում է եղել, Գաբրիելյանը կնոջը հրահանգել է` մնալ ապաստարանում, տեղից չշարժվել, մինչև չասի, որ կարող են դուրս գալ ապաստարանից:

Կինը` Մարինան, պատմում է, որ ժամեր անց, երբ բոլորը դուրս են եկել ապաստարանից, ամուսնու հետ կապ հաստատել չի հաջողվել, սակայն հարևանի հորդորով ինքն էլ դուրս է եկել ապաստարանից: Այդ դեպքից հետո ամուսինը երեք օր շարունակ կնոջ զանգերին չի պատասխանել, հետո ասել է՝ քեզնից նեղացել եմ, հրամանս չես կատարել:

Այս պատմությունը Մարինան ժպիտով է պատմում ու հավելում` նույնիսկ ընտանիքի անդամների հետ որպես զինվորական էր շփվում, բարեկամի տուն գնալիս ընտանիքին հրահանգում էր` ոտքի:

Գեղամ Գաբրիելյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, Մեխակավանում: Զոհվելու հաջորդ օրը, երբ ծառայակից ընկերները նրա կնոջն են ուղարկել համատեղ վերջին լուսանկարը, թե՛ կինը, թե՛ մայրը այդ նկարում չեն ճանաչել Գեղամ Գաբրիելյանին, քանի որ սափրված չի եղել: Ասում են` առաջին անգամ են Գեղամին չսափրված տեսել…

Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…