«Մեկ-մեկ ինքս ինձ մեղադրում եմ, որ այսքան հայրենասեր տղա եմ մեծացրել, բայց հետո հասկանում եմ, որ Հայկազը փախչող տեսակ չէր». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Հայկազին

Հայկազ Արմանի Հարությունյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 27-ին Երևանում։ Սովորել է տեղի թիվ 31 հիմնական դպրոցում, ապա ուսումը շարունակել Ագրարային քոլեջի  տրանսպորտային փոխադրում և կառավարում բաժնում, սակայն նախընտրել է կիսատ թողնել և մեկնել ծառայության:

Հայկազը Հայոց բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսին, ծառայել է Հադրութում՝ ՀՕՊ ստորաբաժնում, եղել է վարորդ։

Հայկազի մայրը` Տիկին Արմինեն պատմում է. «Անհետ կորած ժամանակ, որ ասացին բունկերում է մեկ ուրախացա, որ երեխես փրկվել է մեկ էլ հասկացա,որ իմ տղան բունկերում հաստատ չի մնա։ Մարտական ընկերներից Էրիկը պատմեց, որ ոտքը վիրավոր ու նոր վիրահատված է եղել Հայկազս (կույրաղիքի վիրահատություն է տարել), մենք ոչ մեկս չենք իմացել, գաղտնի է պահել, որ չանհանգստանանք, բայց այդ ամենը չխանգարեց, որ Հայկազն անգամ բունկերի մուտքին մոտ չգնա։

ԴՕՕՍԱՖ-ի ընկերները պատմում էին, որ վարորդական քննությունը ստանալու ժամանակ Հայկազը երկար ժամանակ դասաքննողի սենյակից դուրս չէր գալիս, մտածել են՝ քննությունից կտրվել է, հետո դուրս է եկել՝ պատվոգիրը ձեռքին, ամբողջ խմբից միայն ինքն էր պատվոգիր ստացել։

Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 14-ին, տատիկի առողջության մասին էր հարցնում, շատ կապված էր տատիկի հետ։ Շատ պարզ, ազնիվ ու հայրենասեր տղա էր Հայկազս, մեկ-մեկ ինքս ինձ մեղադրում եմ, որ այսքան հայրենասեր տղա եմ մեծացրել, մտածում եմ եթե բունկեր մտներ, կփրկվեր, բայց հետո հասկանում եմ, որ իր հոգին որպես հայրենասերի էր դաստիարակված, Հայկազը փախչող տեսակ չէր…»:

Հայկազը զոհվել է հոկտեմբերի 17-ին Ֆիզուլիում։ ԴՆԹ հետազոտությունը հաստատել է ինքնությունը 2021 թվականի հուլիսին։

Հայկազ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…

Նյութի հեղինակ՝ Անժելա Սեդրակյան: