«Հոկտեմբերի 3-ին մինուճար դստեր նշանդրեքը պետք է նշեր, բայց շտապեց ռազմի դաշտ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Լեռնիկին

Լեռնիկ Բորիսի Համբարձումյանը ծնվել է 1975 թվականի մայիսի 25-ին Ասկերանի շրջանի Վարազաբուն գյուղում: Սովորել է Նախիջևանիկի միջնակարգ դպրոցում: Դեռ դպրոցը չավարտած՝ սկսում է Արցախյան առաջին պատերազմը, և 16 ամյա Լեռնիկը ընկերների հետ կամավորագրվում ու մասնակցում է պաշտպանական մարտերին:

2009 թվականին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվում է «Մարտական ծառայություն» մեդալով: Հայրենասեր քաջորդին միշտ մեծ պատասխանատվությամբ էր մասնակցում զորահավաքներին` գիտակցելով դրանց կարևորությունը:

2016 թվականի ապրիլին, երբ սկսվեց Քառօրյա պատերազմը, Լեռնիկը առաջիներից մեկն էր, ով կամավոր մեկնեց պաշտպանելու հայրենիքը: Վերադառնալով ուրախ ու հաղթանակած՝ մեծ ոգևորությամբ էր պատմում 18-ամյա զինվորների քաջությունների մասին և ցավում Հերոսի մահով ընկածների համար:

Քառօրյա պատերազմից հետո նա նորից անցավ իր առօրյա կյանքին: Պատրաստվում էր իր մինուճար աղջկա նշանդրեքին, որը պիտի կայանար հոկտեմբերի 3-ին՝ դստեր ծննդյան օրը: Բազում պլաններ ուներ, բայց…

Սեպտեմբերի 27-ին թշնամին նոր պատերազմ սկսեց Արցախի դեմ: Կռվի բոհով անցած քաջը չէր կարող ականջալուր լինել հայրենի հողի կանչին: Այս անգամ ևս նա կամավորագրվեց հայրենիքի փրկությանը: Իմանալով, որ վարորդների կարիք կա՝ առանց մի վայրկյան անգամ մտածելու, չնայած վարորդական փաստաթուղթ չուներ, մարտական գործողություններին մասնակցեց որպես վարորդ:

Արհամարհելով ԱԹՍ-ների, ինքնաթիռների մահաբեր արկերի կարկուտը՝ նա զենք ու զինամթերք էր հասցնում ամենավտանգավոր դիրքերը: Հոկտեմբերի 3-ին զանգում է դստերը, շնորհավորում, ոգևորում, ասելով, որ հանկարծ չտխրի, շուտով ամեն ինչ կավարտվի և մի լավ քեֆ կանեն: Բայց չհասցրեց…

Հոկտեմբերի 23-ին հերթական մարտական առաջադրանքը կատարելիս Մարտունիում, թշնամու ինքնաթիռի հարվածից զոհվում է…

Լեռնիկ Բորիսի Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է գովասանագրով և Մարտական ծառայության մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…      
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…