«Ընկել էին շրջափակման մեջ, Սպարտակը իր գնդացրով պահեց դիրքը, որ տղերքը դուրս գան, հետո էլ ինքը դուրս եկավ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Սպարտակին

Սպարտակ Միհրանի Դանիելյանը ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 22-ին Արտաշատ քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 1 հիմնական դպրոցում, ապա Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում, որից հետո մեկնել է Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ ուսումը շարունակելու նպատակով։

Հայրենիք է վերադարձել 2019 թվականին և «Ես եմ» ծրագրով հունվարի 26-ին մեկնել պարտադիր ժամկետային ծառայության՝ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաք։ Մտադիր էր ծառությունից հետո շարունակել ուսումը արդեն բուհում։

1 տարի 7 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Առաջին իսկ օրվանից մասնակցել է թեժ մարտերին՝ կռվելով «Կորդ» կոչվող գնդացրով։ Եղել է «Խոշոր տրամաչափի գնադացրորդ», դիրքի ավագի օգնական, հաշվարկի հրամանատար։ Թեժ մարտեր է մղել Մարտունիում, Ջրականում, Ֆիզուլիում, Հադրութում, Շուշքենդում (Շոշ), Շուշիի մատույցներում։

Հադրութում Սպարտակի զորախումբը ընկել է շրջափակման մեջ, Սպարտակը իր գնդացրով պահել է դիրքը, ինչի շնորհիվ նրա զինակից ընկերները դուրս են եկել շրջափակումից, ապա նաև ինքն է կարողացել դուրս գալ։

Սպարտակի վերջին մարտը եղել է Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի «Կողակ» բարձունքում՝ տարածքի ամենաբարձր կետում։ Դիրքում եղել են զինվորները, կամավորականները, Արցախի հատուկ ջոկատայինները։ Տեսնելով թշնամու դիվերսիոն առաջխաղացումը՝ շատերը շտապել են լքել դիրքը՝ միայնակ թողնելով զինվորներին։ Սկսվել են թեժ մարտեր, որի ժամանակ էլ անմահացել են 11 զինվորները, այդ թվում՝ Դանիելյան Սպարտակը։

42 օր պայքարելուց հետո՝ նոյեմբերի 7-ին, մարտական դիրքը պաշտպանելիս, Սպարտակը, ստանալով բազմաբեկորային վնասվածքներ, անմահացել է «Կողակ» բարձունքում։ Հերոսի մարմինը գտնվել է երկար որոնումներից հետո՝ փետրվարի 15-ին, Մեծամորի դիահերձարանում։

Հերոսի աճյունը ամփոփված է Արտաշատ քաղաքի գերեզմանատանը։ Մայիսի 14-ին Սպարտակ Միհրանի Դանիելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…      
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…