«Առողջական խնդիրներ ուներ, կարող էր ազատվել ծառայությունից, բայց որոշեց մագիստրատուրան կիսատ թողնել ու գնալ բանակ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Սուրենին

Սուրեն Վարդանի Մելիքբեկյանը ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 4 հիմնական դպրոցում։ 2016 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան՝ Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժինը։ 2020 թվականին ավարտում է այն գերազանց առաջադիմությամբ և ստանում կարմիր դիպլոմ։ Ընդունվել էր մագիստրատուրայի առաջին կուրս, սակայն կիսատ թողնելով ուսումը՝ մեկնեց ծառայության:

Սուրենը տեսողության խնդիրներ ուներ և կարող էր ազատվել պարտադիր ծառայությունից, սակայն որոշեց իր պարտքը տալ Հայրենիքին։ 2020 թվականի օգոստոսի 19-ին զորակոչվեց Հայոց բանակ:

Ծառայել է Մարտակերտում։ Զոհվել է 44-օրյա պատերազմի առաջին օրը անօդաչու թռչող սարքի հարվածից։

Հերոսի քույրը՝ Սվետան, ասում է.

«Քանի օր էր՝ չէր զանգել։ Մտածում էինք՝ մի անտառում են, հեռախոս չկա, կապ չկա։ Շատ մարդկանց խառնեցինք, որ գտնենք եղբորս։ Հացի մեքենայի վարորդին գտանք, ասաց՝ պոստերում Սուրեն Մելիքբեկյան անունով մի տղա կա։ Էնքան ուրախացանք։ Մի քանի օր հետո պարզվեց՝ իմ Սուրենը չէր։ Ամեն օր նրան երազումս տեսնում էի։ Ասում էր՝ ես կամ, ողջ եմ։ Ու դա ինձ հույս էր տալիս։ Համացանցում մի վիրավոր տղայի նկար էինք տեսել, շատ էինք նմանեցրել Սուրենին։ Ես նեղվում էի, որ եղբորս վիրավորների, այլ ոչ թե առողջների մեջ ենք փնտրում։ Մի քանի օր անց էլ ասում էի՝ թող անոտք, անձեռք լինի, բայց գա։ 22 տարեկանում 100 տարվա կյանք ապրեց»:

Սուրեն Վարդանի Մելիքբեկյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…