Գիտե՞ք՝ ՀԱՅ գրողներից ում գիրքը գնելու համար էր Եղիշե Չարենցը 1 ռուբլի թռցրել հոր գրպանից. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒՅՈՒՆ, որը կարդալ է պետք

Թերթելով Եղիշե Չարենցի մասին գրված գրքերն ու հուշերը՝ հասկանալի է դառնում, որ գործ ունենք բացառիկ հանճարեղ մի մարդու հետ, ում կյանքից անհնար է մի կողմ դնել խենթությունը։ Չարենցը բացառիկ էր նաև մարդկանց հետ իր ունեցած անուղղակի կապով։ Նա կարող էր չտեսնել մարդուն, սակայն նրա մասին յուրահատուկ վերաբերմունք և ակնածանք ունենալ։ Այս առումով նրա կյանքում բացառիկ է եղել Վահան Տերյանը։

Վերջինիս հետ Չարենցն ունի դրամատիկ անուղղակի կապ։ Չարենցը սնվեց Տերյանով, հետո նրան հերքեց, ապա նորից վերադարձավ Տերյանի մոտ։ Թերևս, այս ձևակերպմամբ կարող ենք ցույց տալ Չարենց-Տերյան զուգահեռները։ Հատկանշական է, որ դեռ պատանի հասակից Չարենցի համար Տերյանն այն մեծությունն էր, ում համար կարելի էր անգամ հոր գրպանից գումար գողանալ և գնել նրա գրքերը:

«Չարենցը ինձ պատմել է, որ դեռևս աշակերտ Կարսի ռեալական դպրոցում, 1912 թվին, մի ռուբլի է թռցրել Աբգար-աղայից (այդպես էր անվանում հորը) ու գնել Վահան Տերյանի «Բանաստեղծություններ» գիրքը, որ նոր երևացել էր Կարսի գրախանութի ցուցափեղկում։

-Ասես անհուն մի գանձ նվիրեցին ինձ․ զարմանալի հայտնություն եղավ ինձ համար այդ գիրքը, ու էլ ձեռքիցս վայր չդրի։ Առանձնանում էի ու շարունակ կարդում։ Այնպիսի կախարդական ազդեցություն ունեցավ վրաս, որ մինչև օրս էլ չեմ կարող առանց հուզմունքի հիշել այդ»։

Միքայել Մազմանյանի այս հուշն արդեն իսկ փաստում է, որ դեռ պատանի տարիքից Չարենցը Տերյանի նկատմամբ սիրուց ու հարգանքից դրդված կարող էր համարձակվել հոր գրպանից գումար թռցնել ու գնել Տերյանի գիրքը։