«Ասում էի՝ Գև ջան, ախր ամեն շաբաթ տուգանվում ես». ի՞նչ անթույլատրելի բան էր անում ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳԸ Գերմանիայում, որով ցանկանում էր բարձր պահել ՀԱՅԻ ԱՆՈՒՆԸ

Արցախյան 44-օրյա պատերազմի Հերոս Գևորգ Գևորգյանի սխրանքների մասին արդեն խոսել ենք: Նրա տեսակը իսկապես ապացույցն է այն բանի, որ հայի ուժն ու հայրենասիրությունը բացառիկ վեհ արժեքներ են, որոնք նույնիսկ դրսևորվում են հայրենիքից դուրս:

Հերոսի մայրը՝ տիկին Թամարան պատմում է, որ չնայած նրանք Գերմանիայում էին ապրում, որդին շատ հայրենասեր էր՝ դեռ փոքր հասակից։ 8-րդ դասարանում Հայոց ցեղասպանության մասին շարադրություն էր գրել ու պարգևի արժանացել։ Մայրը հիշում է, որ որդուն հպարտորեն գրկել է՝ ինչին ի պատասխան որդին ասել է․ «Մա՛մ, ես չեմ հպարտանում կամ ուրախանում, որ պարգև եմ ստացել, ես հպարտանում եմ, որ կարողացել եմ հայի պատմությունը օտար երկրին ներկայացնեմ»։

Մոր խոսքով՝ Գևորգը շատ էր սիրում հայոց եռագույնը, հպարտանում էր դրոշով և ամեն ինչ փորձում էր անել, որ Գերմանիայում բոլորը դա նկատեն։

«Գերմանիայում իր սենյակի պատուհանից եռագույն էր ծածանվում, բայց դա չէր թույլատրվում, դրա համար մենք ամեն շաբաթ տուգանվում էինք:  Երբ ասում էի՝ Գև ջան, ախր ամեն շաբաթ տուգանվում ես, էդքան գումար ես տալիս, ասում էր՝ մա՛մ ջան, թող էս գերմանացիները հասկանան, որ իմ եռագույնը անգին ա, ինչքան էլ վճարեմ՝ անգին ա, մնալու ա իմ պատուհանին։ Պատերազմի օրերին էլ որ զանգում էր, ասում էր՝ մե՛րս, Մասիսի գլխին եռագույնը դնելու ենք, ինքն ապրում էր եռագույնով»։

Մայրն ասում է՝ Գևորգը հրաշալի հայոց պատմություն գիտեր, եկեղեցիները, կառուցման տարեթվերը։ Հայերեն էր սկսել սովորել և հայոց պատմությունը ուսումնասիրել նաև Գևորգի նշանածը՝ ազգությամբ գերմանացի Լիան։

Հերոս Գևորգը անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում մղվող թեժ մարտերի ժամանակ: