«Ինչո՞ւ երեկ չասացիք, որ Դուք եք Տերյանը». գիտե՞ք՝ հայ գրողներից ում և ինչու չէր ասել, որ հենց ինքն է Տերյանը
Այդ հայ գրողը եղել է Վահան Թոթովենցը, ով փափագում էր տեսնել Վահանին:
Ձեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր պատմություն 2 Վահանների մասին, որը վերցված է Թոթովենցի հուշերից
«Պետրոգրադում ինձ հետաքրքրում էր մի մարդ, մի երիտասարդ՝ բանաստեղծ Վահան Տերյանը,-պատմել է Թոթովենցը:
-Նրա բանաստեղծությունների գիրքը կախարդել էր ինձ: Անպարփակ էր հիացմունքս: Ժամ առաջ փափագում էի տեսնել այդ արտասովոր մարդուն, այդ կախարդին: Եվ կայարանում ինձ դիմավորած երիտասարդներին հայտնեցի փափագս:
Նրանք ինչ-որ բան խորհրդակցեցին: Հետո ինձ հայտնեցին, որ կառքը պատրաստ է, և ինձ կուղեկցեն մինչև հյուրանոց:
Ինձ ուղեկցողը շուրջ 30 տարեկան մի երիտասարդ էր ՝ լռիկ-մնջիկ: Նրան էլ ասացի, որ շատ եմ ուզում տեսնել Վահան Տերյանին, և որ Պետրոգրադում կանգ առնելու նպատակը նրան տեսնելն է:
Այդպես հասանք հյուրանոց: Սենյակումս նորից կրկնեցի Տերյանին տեսնելու ցանկությունս: Ուղեկիցս դարձյալ հուսադրեց և ցտեսություն ասելով ՝ հեռացավ:
Մյուս օրը հրավիրված էի տեղի հայերի կազմակերպած մի հանդիպման: Հասնելուս պես դարձյալ հայտնեցի Վահան Տերյանին հանդիպելու ցանկությունս։
-Բայց սիրելի պարոն,-դիմեց ինձ հավաքված ուսանողներից մեկը,- երեկ Դուք Վահան Տերյանի հետ կառքով հյուրանոց գնացիք, մենք որոշեցինք, որ նա Ձեզ ուղեկցի, որպեսզի ծանոթանաք:
Ես ապշեցի: Ինչպե՞ս թե, մի՞թե նա էր:
Քիչ հետո մի քանի հոգի ներս մտան: Նրանց մեջ ճանաչեցի երեկվա ուղեկցիս։ Խոսակիցս ասաց ահա՝ Տերյանը:
Գլուխս կորցրածի պես մոտեցա, ամուր գրկեցի նրա վտիտ մարմինը: Համբուրեցի ճակատն ու հարցրի.
-Զարմանալի է…Ինչո՞ւ երեկ չասացիք, որ Դուք եք Տերյանը:
-Ճիշտն ասած,չէի ուզում Ձեզ հիասթափեցնել…»