«Երբ 20 տարեկանը լրացավ, տոմսն առավ ու ասեց՝ մամա՛, խնդրում եմ, որ իմ որոշումը հարգես, ես պիտի գնամ իմ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ծառայեմ». մայրը պատմում է ՀԵՐՈՍ ՈՐԴՈՒ մասին

«Երբ 20 տարեկանը լրացավ, տոմսն առավ ու ասեց՝ մամա՛, խնդրում եմ, որ իմ որոշումը հարգես, ես պիտի գնամ իմ հայրենիք, քանի որ ամեն հայ պարտավոր ա իր պարտքը տա իր հայրենիքին, անկախ նրանից, թե որտեղ ա ապրում»,- հուզմունքով հիշում է 43-ամյա Թամարա Գևորգյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն։

21-ամյա Գևորգ Գևորգյանը ցանկանում էր սրտաբան-վիրաբույժ դառնալ, ընդունվել և մեկ տարի սովորել է Գերմանիայի պետական բժշկական համալսարանում։ Ուներ սիրած աղջիկ, նշանվել էր և նույնիսկ հարսանիքի օրը նշանակել: «Հարսի զգեստ էինք առել, մատանիներ ու անհամբեր սպասում էինք Գևորգիս վերադարձին։ Ցավոք, չհասցրինք»,- ասում է որդեկորույս մայրը:

Գևորգը Գերմանիայից վերադառնալով՝ ժամկետային ծառայության է անցել Մեղրիում, պատերազմն սկսվելուն պես տեղափոխվել է Ջրական և մասնակցել թեժ մարտերի։ Նա հոկտեմբերի 3-ին վիրավորում է ստացել, սակայն շարունակել է պայքարը։

Որդուց զանգ չստանալով՝ մայրն ահավոր անհանգստացել է, քանի որ գիտեր՝ ինչ էլ լիներ, որդին որևէ կերպ կապ կհաստատեր՝ իմանալով, որ մայրն անհանգիստ է։

«Հոկտեմբերի 9-ին զանգեց, ասեց՝ մե՛րս, քեզ լավ կնայես, ես քեզ էնքան շատ եմ սիրում ու կարոտում ու անջատեց, չսպասեց, որ ասեմ՝ բա ես քեզ ինչքան շատ եմ սիրում, տղե՛ս։ Ամսի 10-ին էլ զանգ չեղավ․․․»— պատմում է մայրն ու ասում, որ սկսել է բարեկամների միջոցով հետաքրքրվել, սակայն իրեն ոչինչ չեն ասել։

Հոկտեմբերի 11-ին Թամարան Գերմանիայից վերադարձել է Հայաստան՝ իմանալով, թե որդին ծանր վիրավորում է ստացել։ Սակայն Հայաստան հասնելուն պես արդեն իմանում է, որ որդին զոհվել է։

«Ինքը միշտ ներկա ա ինձ համար։ Մենք ընկերներ էինք, եղբայրներ, մայր ու որդի, ամեն ինչ, մեր սերն անբացատրելի էր, դրա համար ես չեմ կարողանում ապրել, մեր տան փոքրն էր, երկու քույրերի եղբայրը, մեր տան լույսը, անհնար ա ապրել առանց Գևի»,- մորմոքով ասում է Թամարան։

Թամարան ասում է՝ պատերազմը շրջեց իրենց կյանքը գլխիվայր։

«Ես մեղքի զգացումով եմ ապրում, Եռաբլուր որ մտնում եմ, բոլորի առաջ մեղավոր եմ զգում, որ ես կամ, իրանք չկան»,- ասում է ու կրկին հուզվում Թամարան։

Գևորգ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։