Մի ծխախոտի տուփ ու երկու լեգենդ․ գիտե՞ք, թե ինչ կապ ունի այս ամենը Չարենցի ու Մաքսիմ Գորկու հետ

Չարենցը հանդիպել է ոչ միայն հայ ժամանակակից դեմքերի հետ, այլ նաև համաշխարհային։ Այդ ցուցակում կա նաև Մաքսիմ Գորկին։ Ահա թե ինչքան հետաքրքիր հուշ է մնացել նրանց հանդիպումից։ Այս պատմությունը պատմել է Իզաբելլա Չարենցը․

-Ծանոթացե՛ք,-ասում է Չարենցը,- Մաքսիմ Գորկի, իսկ սա իմ կինն է:


-Շատ հաճելի է, որ Դուք այդպիսի երիտասարդ կին ունեք:


Հրավիրեց, նստեցինք. նրա կողքին նստած էր հարսը` ջահել, սիրուն կին էր. սկսեցինք զրուցել: Իսկ Գորկին նստած գրում էր, նայում էր այստեղ-այնտեղ ու գրում: Նա ասաց, որ այդ ցուցակում գրված գրողները վաղը կհավաքվեն իր մոտ ընթրիքի: Ասաց, որ դրանց մեջ նաև Չարենցն է:

Բանկետը վերջացավ, մենք եկանք տուն, և Չարենցը պատմում էր Վիկտորյային, թե Գորկին ցուցակ կազմեց, «ես էլ ընկա մեջը»: Ասում է, — Վաղը հրավիրում է իր մոտ: Դե՛ լավ է,-ասում է Վիկտորյան,- Իզաբելլային էլ կտանես:


Ասում է -Չէ՛, այնտեղ բոլորը տղամարդիկ են լինելու, անհարմար է: Եվ գնաց մենակ: Հետո վերադարձավ, այսպես ժամը ինը կլիներ: Եկավ, խոսեց ինձ հետ, երեխային գրկեց, համբուրեց, հետո գրպանից հանեց մի տուփ: Ասում է. -Վիկտորյա՛, ա՛ռ, նայի՛ր, տես ինչ տուփ է: Վիկտորյան ասում է ծխախոտի տուփ է:


-Չէ՛,-ասում է,- Մաքսիմ Գորկուց եմ վերցրել. կարդա՛, թե ինչ եմ գրել: Ընթրիքի ժամանակ ,-ասում է,- Մաքսիմ Գորկին շատ ուշադիր նայում էր բոլորիս. այնքան լավ հիշողություն ունի, որ հիշում էր բոլորին: Մնացել եմ զարմացած. ինձ մատով արեց` «Вот Наири, Страна Наири»,-ասում է ,- «Вот сидит Страна Наири»: Հետո ,-ասում է,- երբ վերջին ծխախոտը ծխեց Մաքսիմ Գորկին, ես տուփը վերցրի, ամիս ամսաթվով գրեցի, որ այդ օրը ես նրա մոտ եմ եղել: