Նկարում ՀԱՅ անվանի գրողներն են. գիտե՞ք՝ որտեղ են նրանք և ի՞նչ է պատմում այս նկարի մասին Ավ. Իսահակյանը

Մի նկարի պատմություն…


Վենետիկի հասարակությունը իր պարապ ժամերը անց է կացնում աշխարհի մեջ ամենագեղեցիկ հրապարակի՝ Սուրբ Մարկոսի հրապարակի վրա։ Մի կողմը Սուրբ Մարկոսի հրաշալի տաճարն է, մյուս երեք կողմերը թանգարաններ են, սրճարաններ՝ բոլորն էլ մարմարակերտ պալատներ։ Եղիշեի հետ էլ մենք անցկացնում էինք Սուրբ Մարկոսի հրապարակի զանազան սրճարաններում։ Սուրբ Մարկոսի հրապարակը լեցուն էր աղավնիներով, որ կոչվում են Սուրբ Մարկոսի աղավնիներ՝ հազարավոր, տասնյակ հազարավոր, և կառավարությունը կերակրում է նրանց։ Հրապարակում ծախում են հունդեր, սիսեռներ՝ կերակրելու համար աղավնիներին։ Հասարակությունը, մանավանդ տուրիստական հասարակությունը, շարունակ նկարվում էր՝ ափերում սիսեռներ բռնած։ Աղավնիները գալիս, նստում են կտցահարելու համար, և՛ ուսերի վրա, և՛ գլխարկների վրա։ Ահա ես ու Չարենցն էլ նկարվեցինք Սուրբ Մարկոսի հրապարակի վրա՝ աղավնիների հետ միասին։ Չարենցը բախտավոր եղավ, որ նրա վրա նստեցին 3-4 աղավնի, իսկ իմ ձեռքը մնաց դատարկ։
Պատմում է Ավետիք Իսահակյանը։