Սայաթ-Նովան եզակի էր հայ գրականության մեջ․ ահա թե ինչպե՞ս են նրա մասին արտահայտնվել հայ և օտար նշանավոր դեմքերը

Սայաթ-Նովան եղել է կարևոր ու եզակի դեմք հայ ու վրաց գրականության մեջ։ Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ էր տանել ամեն զրկանք։ Սայաթ-Նովայի կյանքին և գործունեությանը անդրադարձել են ոչ միայն հայ մշկույթի նշանավոր դեմքերը, այլ նաև օտարազգիները։

Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է՝ բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, վեհ ու վսեմ՝ որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամ։
Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց։
Հովհաննես Թումանյան

Ձնի տակեն նոր դուս եկած արիվ (արև) դիպած սմբուլի պես պայծառ ու մաքուր է Սայաթ-Նովեն։
Գ. Ախվերդյան

Իր թիկունքով նա կանգնած է դեպի այ բազմադարյան անցյալը, որի մեջ են մխված իր արմատները։ Իսկ իր դեմքով տրտմության մեջ էր. մշտապես պայծառ իր դեմքով նա նայում էր մեզ։ Ուստի և նա ավելի նոր ժամանակինն է, քան հնինը։ Նորինն է՝ իր լեզվով, որ պիտի ծնունդ տար հայոց գրական նոր լեզվին։ Նորինն է՝ իր մտածողությամբ, որի մեջ ոչինչ չկա միջնադարյան։ Նորինն է իր մեծ սրտով, որ ունի ժամանակակից տրոփ, իր անտակ հոգով, որ ունի արդիական խորություններ, իր արդարախոս բերանով, որ կարող է ծառայել այսօրին էլ իր իմաստուն ուսուցչությամբ։
Պարույր Սևակ

Սեր, մահ, երազանք, տենչեր, վիշտ, թախիծ, տիեզերական վիշտ, արևելյան երաժշտություն՝ հայկական անհատականության միջով անցած, հայկական մշակույթի միջով անցած… Արևելքը՝ հայկական բեկումով…
Նայել է՝ աշխարհը մի պատուհան է։ Նայում է աշխարհի պատուհանից մեծ, անհուն, անսահման աշխարհին, իրականությանը, և խոցվում է նրա սիրտը, ձեռքն է առնում քամանչան… և երգում է աշխարհի վիշտը, ցավերը, տառապանքները…
Ավետիք Իսահակյան

Սայաթ-Նովան պատկանում է այն առաջնակարգ բանաստեղծների շարքին, ովքեր իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականությունը լինելուց և դառնում են ողջ մարդկության սիրելին։
Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ ժողովուրդը. դրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. դրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին ու իրենց հայրենիքին։
Վալերի Բրյուսով

Շատ մեծ է Սայաթ-Նովան։ Այսպիսի մեծություններ աշխարհում քիչ են ծնվում։ Հայ ժողովուրդն իրոք կարող է հպարտանալ իր հանճարեղ զավակով։ Սայաթ-Նովային մեր ժողովուրդն օժտել է անզուգական քանքարով, բայց ամենամեծ ժառանգությունը, որ թողել է այդ հանճարը, դա նրա անմահ երաժշտությունն է։ Նա իր երգերով կարող է խոսել աշխարհի բոլոր ժողովուրդների հետ։ Մարտիրոս Սարյան