«Իմ տաղանդը ես ՀԱՅԱՍՏԱՆԻՑ եմ ստացել». ո՞վ է Գերմանիայի ամենահայտնի ՀԱՅԸ , ում հետ անգամ աշխարհահռչակ SNOOP DOGG-ն է երազել հանդիպել

Վիրո Առնոլդը ( Վիրաբ Խաչատրյան) Գերմանիայի ամենահայտնի դիմանկարիչներից է: Պատկերել է այնպիսի հանրաճանաչ մարդկանց, ինչպիսիք են երաժիշտներ Սնուփ Դոգն ու Այս Քյուբը, ֆուտբոլիստներ Մարիո Գոմեսն ու Ռոբերտո Հիլբերտը, բռնցքամարտի չեմպիոններ Արթուր Աբրահամն ու Ռեգինա Հալմիխը, ինչպես նաեւ հայտնի գերմանացի հաղորդավար Շտեֆան Ռաաբը եւ Գերմանիայի նախկին նախագահ Յոհանես Ռաուն:

Վիրոն ծնվել է Հայաստանում 1969-ին, սակայն արդեն 20 տարի է՝ բնակվում է Գերմանիայում:  Սկսելով որպես փողոցային նկարիչ՝ նա աստիճանաբար հեղինակություն ձեռք բերեց արվեստի աշխարհում:

Վիրոն ինքը համարում է, որ իր նկարչական շնորհն իրեն է փոխանցվել հայ նկարչական ավանդական դպրոցից: Նա 1984-1988թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, որն  ավարտել է գերազանցությամբ: 

«Հավերժ պարտք եմ ծնողներիս, ովքեր վաճառեցին մեր Երևանի տունը, որ կարողանան ուսմանս վարձը վճարել»,- ասում է Վիրոն:

2000 եւ 2001 թվականներին Վիրոն ցուցահանդեսներ ունեցավ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում: 2001-ին Վիրոն իր աշխատանքները ցուցադրեց նաեւ Լաս Վեգասի «Կախարդական շոուին» եւ հանդիպեց բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին, որը ցանկացավ դառնալ հաջորդ դիմանկարի «հերոսը»: Վիրոյի աշխատանքների համբավն արագորեն տարածվեց ԱՄՆ հայտնի մարդկանց շրջանում: Շուտով Սնուփ Դոգը եւ շատ ուրիշներ ցանկացան ունենալ Վիրոյի ձեռքով արված իրենց սեփական դիմանկարը: 

Այսօր Վիրոն ունի իր սեփական ստուդիան եւ կնոջ` Հասմիկ Մանուկյանի ու 7 տարեկան որդու` Ռուբենի հետ ապրում է Ֆելբախ քաղաքում, որը գտնվում է Շտուտգարտի հյուսիսարեւելյան մատույցներում: Վերջին տարիներին նրա գործունեությունը նոր ոլորտներ է ընդգրկել, սակայն դիմանկարներ անելը շարունակում է մնալ նրա սիրելի ստեղծագործական աշխատանքը: