«Արփիկին ես սիրում, հա՞». գիտե՞ք՝ ում վրա էր ուզում կրակել Ե. Չարենցը և ով հանգստացրեց նրան

Նստել էինք սեղանի շուրջը՝ մենք, հյուրերը:
Դուռը բացվեց, շեմքում երևաց Չարենցը, հայացքը դես ու դեն գցեց:
-Աղասի Ալայանը էստե՞ղ է:
Նոր գլխի ընկա, որ խմած էր: Կողքից էլ, սովորական ատրճանակի տեղ, մաուզեր էր կախված:
-Էստեղ եմ, Եղիշ, -անհամարձակ ձեն տվի ես:
Աչքը գցեց վրաս:
-Էստեղ ես, հա՞, -ասաց, շուտով չես լինի: Արփիկին ես սիրում, հա՞,-ձենը ավելի բարձրացնելով, գոռաց Չարենցը:-Խլե՞լ ես ուզում նրան: Ես հիմի քեզ սիրել ցույց կտամ:

Ասաց, ձեռքը դեպի մաուզերը տարավ, հանեց և՝ ուղիղ ճակտիս:
-Հիմի դու քոնը կստանաս:
Տղամարդիկ իրար անցան, աղջիկները ճչացին:
Մեկ էլ մի ձեն հասավ ականջիս. մեկը տվեց նրա անունը.
-Եղի՛շ:
Արփիկն էր, Արփենիկ Աստվածատրյանը:


-Եղի՛շ, -կրկնեց, -ինձ նայիր:
Վա՜յ էն նայելուն, որ Չարենցը նայեց նրան:
-Չէ, ոչ էդպես, -նկատեց Արփիկը: Բարձրացրու գլուխդ: Մի քիչ էլ: Ա՛յ, էդպես: Թե չէ, գլուխ կախելը քեզ չի սազում: Դե հիմի լսիր: Ի՜նչ Աղասի, ի՜նչ բան: Էդ որտեղի՞ց հնարեցիր: Թող մարդիկ իմանան, թող աշխարհը իմանա. ես քեզ եմ սիրում: Միայն քեզ: Սպասում էի, թե ուր որ է, սեր կբացատրես ինձ. տեսնում էի, որ դու էլ իմ օրումն ես: Է՞ս էր քո սեր բացատրելը: Արյունո՞վ էիր ուզում շաղախել իմ ու քո սերը:

Անակնկալից երևի հիմի էլ Չարենցի լեղին էր ջուր կտրել, թուքն էլ՝ չորացել:
-Արփի՛կ, -իրեն կորցրած, մոռանալով որ շուրջը մարդիկ կան, շշնջաց նա, -ի՞նչ իմանայի, թե էդպիսի բան կա, թե… Արածս հենց դրա համար էր. տեսնելու՝ սիրո՞ւմ ես ինձ: Ախր, ես գժվում եմ քեզ համար: Ներիր, Արփիկ ջան: