Սա ԱՆԴՐԱՆԻԿԻ առաջին կիսանդրին է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. գիտե՞ք, թե ինչու է այն գաղտնի տեղադրվել և ինչու էին տեղացիները գրեթե 10 տարի օրուգիշեր պահակ կանգնում

Հայ ժողովրդի ազգային հերոս զորավար Անդրանիկի հուշարձանը Ուջան գյուղում կառուցվել է տեղի բնակիչների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սա Անդրանիկի առաջին կիսանդրին է Հայաստանում։

Հուշարձանը տեղադրվել է 1967 թ. հունիսի 3-ի գիշերը՝ գաղտնի, քանի դեռ այդ օրերին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը գտնվում էր Մոսկվայում։ Զորավար Անդրանիկի նույնիսկ անունը չէր հիշատակվում Հայոց պատմության դասագրքերում, որովհետև ազգային ազատագրման պայքարը սովետական տարիներին համարվում էր ազգայնամոլության դրսևորում։

Բացման արարողությանը ներկա էին նաև Անդրանիկի զինակիցները։

Ուջանցի Սարիբեկ Թովմասյանը, ով արձանի տեղադրման ժամանակ 13 տարեկան էր, պատմում է.

«Մի գիշերվար մեջ, թաքուն, գյուղի ժողովուրդն Անդրանինի արձանի տեղադրման վայրի պատը կառուցեց: Շատ լավ հիշում եմ, թե երբ բերեցին, ոնց բերեցին, ինչ մեքենայով բերեցին: Գիշերվա ժամը 1.30-2.00-ի մոտ արձանը բերեցին, տեղադրեցին:

Բոլորս՝ մեծ ու փոքր, օգնում էինք:
Գիշերը թաքուն էին տեղադրում: Պահակներ էին կանգնեցրել, որ չգան խանգարեն: Նույնիսկ 3-4 տարեկան երեխաներն էլ գյուղում գիտեին, որ չեն թողնում, արգելված է: Մեր բոլորի ուղեղում նստած էր, որ դա հակասովետական արարք է: Հետո եկան, որ քանդեն, գյուղացիները չթողեցին: Մի քանի անգամ ոստիկաններ են եկել քանդելու համար, բայց մեր գյուղացիները բահերով, եղաններով դեմ են դուրս եկել: Համարյա 10 տարի միշտ գիշերները պահակ էինք կանգնում արձանի մոտ: Հետո հանգստացան, վարժվեցին երևի»:

Ուջան գյուղում այսօր ապրում են արևմտահայերի սերունդները նախնիները, որոնք հպարտանում են իրենց արմատներով և Զորավար Անդրանիկով։

Անդրանիկը մահացել է 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվել է Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվել է Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։