«Յուրաքանչյուր զինվորականի կողք դաշնակցական ԼՐՏԵՍ դրվեց». ԱՆԴՐԱՆԻԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ հեռանալու պատճառի և ՀԱՅ դավաճանների մասին
«ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԸ ԽՕՍԻ»․ ՀԱՏՎԱԾՆԵՐ 1921 Թ․-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԻՑ
«…Ես հեռացա Հանրապետությունից, որպեսզի մասնակից չլինեմ այն բոլոր անպատվաբեր, անմիտ, սնանկ և ազգակործան գործունեությանը, որին նվիրվեցին հանրապետության վարիչները առաջին օրից: Յուրաքանչյուր զինվորականի կողք դաշնակցական լրտես դրվեց: Խորհրդարանը կազմվեց զուտ դաշնակցականներից, որոնց մեջ կային մի շարք ընկերուհիներ: Ներքին պայքար մղվեց մյուս հայ կուսակցությունների դեմ երկրի մեջ, թե երկրից դուրս: Իսկ հայ բոլշևիկների դեմ հայտարարեցին եղբայրասպան կռիվ:
Պատերազմեցին Վրաստանի դեմ երեք հոգու որոշումով և Հայաստանը մատնվեց սովի: Շքախումբեր ուղարկվեցին Տրապիզոն և Կ.Պոլիս, ոճրագործ Էնվերների և Թալյաթների մոտ: Թիֆլիսում երեք ամիս վիճում էին, թե մեր բանակը պետք է կազմել դեմոկրատ սկզբունքներով, ինչը նշանակում էր տիսիբլինը վերցնել: Զինադադարից հետո հանրապետության վարիչները ցույց չտվին իմաստության որևէ նշույլ:
Պաշտոնատունները լեցվեցին դաշնակցական պաշտոնեությամբ, որոնց թիվը հասնում էր 16 հազարի: Ճակատ ուղարկվեց Դաշնակցությանը չպատկանող և հակառակորդ տարրեր միայն: Պ. Խատիսյանը Բաթումի դաշնագիրը ստորագրելուց հետո Թիֆլիսում հայտարարեց, թե թուրքերը զարգացած և ջենթլմեն մարդիկ են և Թուրքիայի հայերը չեն կրցած նրանց հետ վարվելակերպ ունենալ:
Երևանում հագցրին մեր սիրուն աղջիկներին, որպեսզի կայարանի մեջ ծաղկեփունջերով դիմավորեն Խալիլ և Նուրի փաշաներին, որոնք հարյուր հազարավոր հայուհիների բռնաբարել և կոտորել էին տվել:

Երևանում զինվորական նվագախմբերով ճաշկերույթներ տրվեց այդ մարդկանց: Չկարողացան հետևել շրջահայաց ներքին քաղաքականությանը և առաջ բերեցին ապստամբություններ թաթարական շրջաններում: Մերժեցին Ազգ.Պատվիրակության առաջարկները համաձայնության մասին:
Այս բոլորը արդյունք էին մտայնության, որ չեն տարբերվում Ռուսական արդի վարիչների մտայնությունից: Ես կանխատեսել էի, թե բոլոր այն աթոռները, որ գրավել էին Երևանի ղեկավարները, խարխուլ էին, քանի Ռուսաստանը իր վերջին խոսքը չէր ասել:
Դժբախտաբար այսօր իրականություն է այն, ինչ կանխատեսել էի: Այն մարդիկ, ովքեր հիանում էին թուրքերի ջենթլմենությամբ, ստորագրեցին Ալեքսանդրապոլի դաշնագիրը՝ ցեխի մեջ թաթախելով այն ոսկե գրիչը, որով ստորագրված էր Սևրի դաշնագիրը:
Անցյալ տարի, երբ Ամերիկայում էի, Գ. Փաստրմաճյանը աղմուկ բարձրացրեց, ասելով, թե Պողոս Նուբարը Հայաստանի հարավային մասը քուրդերին է հանձնում: Սակայն չլսեցի տակավին, թե ինչ է խորհում Փաստըրմաճյանը և ինչու նույնիսկ շշուկ չի հանում ամբողջ Թրքահայաստանը մեր թշնամիներին ծախողների դեմ:
Հայկ. Հանրապետությունը վիժեցավ, որովհետև շենք շինելու համար լավ ճարտարապետներ էին պետք, մինչդեռ նրա ղեկավարները հիմք դրին օդին մեջ, փոխանակ հաստատուն գետնին վրա դնելու:
Ուրիշին հոր փորողները իրենք մեջը ընկան: Իմ խիղճս և հոգիս հանդարտ է այս բոլորին մեջ: Մնացածը կթողնեմ անաչառ պատմագրին, որպեսզի երևան հանի բոլոր նրանց, որոնք պատճառ եղան այսքան անմեղ արյունների թափվելուն…»:
«Զորավար Անդրանիկ Կը Խօսի», հրատարակութիւն «Ապագայ» շաբաթաթերթի, Բարիզ, Ֆրանսիա, 1921 թ․